Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին». Վարդգես Պետրոսյանը 85 տարեկան է (տեսանյութ)

Մշակույթ
vardges

«Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը... Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից... Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ... Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել... արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք... ինքնակրթությամբ, ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպի  է մնում: Բայց սպիով է սիրտը սիրտ, այդ սպիով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը»,- գրում էր արձակագիր, դրամատուրգ, հրապարակագիր ու հրապարակախոս Վարդգես Պետրոսյան: Ինչ խոսքեր գտնել, ինչ ասել այն մարդու մասին, ում գրվածքները ուղեկցել են քեզ ու քո սերնդակիցներից շատերին, որի խոսքերը դարձել են և քո հարազատ մտքերը: Նրա գրքերում ապրում էին այն երիտասարդները, որոնց հետ կիսում էիր քո երազանքը:  Ու երբ գրախանութում բախտի բերմամբ ձեռք էիր բերում  «Դեղատուն Անին», երջանկությանդ չափ չկար… Մեկ էլ պարզում ես, որ այսօրվա սերունդն էլ նրա վիպակներն ու էսսեները ընթերցելիս գտնում է իրեն ու, կարծես թե. չես զարմանում, քանի որ գիտես, որ իրական գործը ժամանակ չի ճանաչում, իրականը վերապրում է իր ժամանակը: «Դեղատուն Անի»  վիպակում  հեղինակը շարունակում է զարգացնել մեր օրերի երիտասարդ սերնդի դիմանկարը:     Զարմանալի է, բայց 45 տարի է անցել այս ստեղծագործության գրվելուց, սակայն ոչինչ չի փոխվել. նույն երիտասարդությունը, նույն խառնվածքը, նույն մտածելակերպը: Հեղինակը կարծես սա գրած լինի մեր օրերի համար: Շատ տողերում գտա ինձ, հատկապես հավանեցի Լիլիթի կերպարը. ահա և դուրս եկած տողերը: «Այ տատիկներ ու պապիկներ, այ քեռիներ ու հորաքույրներ, ախր ի՞նչ եք ուզում մեզանից: Դժգոհում եք, որ մենք չենք սիրում սովորել, բայց ինքներդ եք ծանոթ-բարեկամ ճարում  և ուղղել տալիս մեր  գնահատականները, դժգոհում եք, որ սիրում ենք հագնվել, զվարճանալ, բայց ինքներդ եք մեզ համար առնում՝ ինչ-որ պետք է և ինչ-որ պետք չէ:Դուք ասում եք , որ դժվար օրեր եք տեսել, պատերազմ, հինգ տարում մի զգեստ եք հագել, քաղցած փորով լամպի լույսի տակ դաս եք սովորել, իսկ մենք մի օրում հինգ զգեստ ենք փոխում, մագնիտաֆոնը կախում ենք վզներիցս ու վազում Սև ծով, ժամերով նայում ենք սուրճի մրուրի մեջ կամ շեյկ պարում; Սակայն բացի այդ ամենից , ախր մենք լավ բաներ էլ կարող ենք անել, չէ՞: Ախր ինչու՞ եք մեզ ջերմոցի ծաղիկ դարձնում, հը՞, ուրեմն դուք էլ եք մեղավոր պարզվում է.. Իսկ որ մենք ուրիշ երգեր ենք սիրում, ինչ կա դրա մեջ…»։ Վարդգես Պետրոսյանի հիմնական թեման երիտասարդներն էին ու իր Հայաստանը: « …Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը»: «Այն տարիների «Գարունը» մի փոքրիկ, ազատ ու անկախ հանրապետություն էր 60-ականների սոցիալիստական Հայաստանի տարածքում… »,- կգրի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Այդ «անկախ ու ազատ հանրապետության» հիմնադիրը, պաշտպանն ու հովանավորը Վարդգես Պետրոսյանն էր: Վարդգես Պետրոսյանի երկերից շատերը թարգմանվեցին տարբեր լեզուներով:  Բեմադրեցին  «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, «Վերջին ուսուցիչը», «Հայկական էսքիզները» «Ապրած և չապրած տարիներն»  ու «Համր լեռան ճիչը»: Իսկ «Մենավոր ընկուզենին» անմահացրեց Ֆրունզե Դովլաթյանը:  1994-ը դարձավ նրա կյանքի ողբերգական ավարտի տարին։  «Ո՞վ է հնարել, թե կարելի է ուրիշի վիշտը կիսել, ծիծաղելի է, կարելի է գուցե ուրախությունը կիսել կամ գտած փողը կիսել, բայց վի՞շտը…վիշտը մարդու միակ սեփականությունն է մնում այս երերուն հողի վրա: Վիշտը ոչ միայն միակ, վիշտը մարդու վերջին սեփականությունն է, որովհետև ոչ ոք երբեք չի ուզենա խլել այն, ինչպես մնացած ամեն ինչ այս երերուն հողի վրա»: Այսօր Վարդգես Պետրոսյանը կդառնար 85 տարեկան:   Ռուզաննա Մկրտչյան