Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

Հասարակություն
«Զվարթնոց»-պատմամշակութային-արգելոց-թանգարան

Օգոստոսի 10-ին, ժամը 19.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հարսանեկան արարողություն է նախատեսված: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:

Հայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն ավանդական հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:

Միջոցառմանը իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան):

Տոնական միջավայրի անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները:

Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:

Տոմսերի համար` 010- 58-74-25 հեռախոսահամարով: