Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չնայած առարկությանը՝ Ժիրայր Սեֆիլյանին հանրային պաշտպան տրամադրվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sefilyan-zhirayr

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը բերվում է նիստերի դահլիճ: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, ոտքի չկանգնելու համար հեռացված Ժիրայր Սեֆիլյանին  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը տեղեկացնում է,  որ նրա երկու պաշտպանները երեք   դատական նիստ է չեն  ներկայանում: «Ես անշուշտ ունեմ պաշտպաններ, իմ պաշտպանների անուն- ազգանունները ձեզ ծանոթ են, դուք միտումնավոր թույլ չեք տալիս ներկա գտնվել այս դահլիճում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:  Միաժամանակ  դատավորը հետաքրքրվում է՝  Ժիրայր Սեֆիլյանը ունի՞ այնպիսի պաշտպան,  որն իր դատերին  չմասնակցության դեպքում լիազորված  է ներկա գտնվել դատավարությանը։ «Իմ բացակայության ժամանակ որեւէ պաշտպան իրավունք չունի այստեղ գտնվելու»,- ավելացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամը:  Դատական նիստերի դահլիճում չէին ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլ նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպանները: Փաստաբան  Նինա Կարապետյանցը թույլ չտվեց իր պայուսակը բացել:  Նա դատարան մտավ որպես քաղաքացի եւ նստեց ոչ իր համար նախատեսված տեղում։  Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրան հորդորեց  տեղ զբաղեցնել դատավարության մասնակիցների համար նախատեսված սրահում:  Նինա Կարապետյանցը  ներկայացնում է իր առարկությունները: «Ես նոր ներս եմ մտել ՀՀ քաղաքացու անձնագրով, ես հիմա ապօրինի եմ գտնվում, որովհետեւ այստեղ կարող են գտնվել միայն պաշտպանները, մեղադրող կողմը եւ ամբաստանյալները:  Ես թողել եմ մեքենայի մեջ իմ աշխատանքային բոլոր գործիքները, փաստաթղթերը,  գրիչները, պայուսակը, ինձ  անհրաժեշտ բոլոր այն նյութերը, որոնք ինձ անհրաժեշտ են աշխատելու որպես փաստաբան»:     Դիրքորոշումն արտահայտելուց հետո Նինա Կարապետյանցը լքում է նիստերի դահլիճը:     Իսկ դատավորը որոշում է դիմել Փաստաբանների պալատ՝  նրան պատասխանատվության ենթարկելու համար:  Դատարանի դահլիճ է բերվում ամբաստանյալ Ներսես Պողոսյանը՝ կարծիք հայտնելու համար: «Քանի որ այստեղ չեմ, իրենք անելիք չունեն: Ուրիշ պաշտպան չեմ ունենալու, մնացածը դուք կարող եք որոշել»,- ասաց Ներսես Պողոսյանը:  Չնայած Ներսես Պողոսյանի առարկությանը՝ դատավորը որոշում է նրան էլ հանրային պաշտպան տրամադրել:     Ժիրայր Սեֆիլյանը ինչպես նաեւ գործով անցնող մյուս 6 անձինք մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար: Արդեն մի քանի նիստ է նրանցից միայն Հովհաննես Պետրոսյանն է միայն մասնակցում նիստին: Մյուսները  դատավորի ներս մտնելուց ոտքի չկանգնելու համար հեռացված են նիստերից: Իսկ նիստը կշարունակվի մեկ շաբաթ հետո։