Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցորենի ալյուրի հարստացման հարցը դարձյալ մտնում է օրակարգ

Հասարակություն
coren1

Կառավարության օգոստոսի 3-ի նիստում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կներկայացնի «Հայաuտանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը՝ նոր խմբագրությամբ։ Այսպիսով՝ նորից շրջանառության մեջ կդրվի ցորենի ալյուրի հարստացման՝ մոռացված նախագիծը։  2015-16 թթ. «Ցորենի ալյուրի հարստացման մասին»  ՀՀ օրենքի ընդունմանը խոչընդոտեց հանրության շրջանում ձևավորված  բացասական  կարծիքը, ինչպես նաև սպառողների իրազեկման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքը, որին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանափակ ռեսուրսների (թե' մարդկային, թե' ֆինասական) պատճառով հնարավորություն չունեցավ հասարակական կարծիքի վրա ազդելու գործուն միջոցառումներ իրականացնել: Ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ։ Բնակչության իրազեկվածության բարձրացման արդյունքում ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ուղղությամբ բացասական կարծիքը փոխելու և հանրության կողմից ցորենի ալյուրի հարստացման պահանջարկ ձևավորելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջնահերթ է համարում հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև  հանրային և մասնագիտական քննարկումների իրականացումը: Միաժամանակ,  ցորենի ալյուրի միկրոտարրերով և վիտամիններով պարտադիր հարստացումը գիտականորեն հիմնավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ ԱՆ-ը` ի լրումն ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության, կարևորում է  լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ  իրականացնելու անհրաժեշտությունը: Հետևաբար, առաջիկա երկու տարիների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարմանն ուղղված աշխատանքներն իրականացնել  հետևյալ  հիմնական ուղղություններով. ա. կազմակերպել հանրային և մասնագիտական քննարկումներ` Հայաստանի Հանրապետությունում վիտամինա-հանքանյութային անբավարարության հաղթահարման հետագա քայլերի ուղղությամբ  փոխհամաձայնեցման հասնելու նպատակով, ինչպես նաև մշակել և ներդնել հանրային իրազեկման ծրագիր (ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում) ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ուղղությամբ բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով: բ.Իրականացնել աշխատանքներ թիրախային խմբերում, մասնավորապես` վերարտադրողական տարիքի կանանց, հղիության նախապատրաստական շրջանում, հղիության ընթացքում, ինչպես նաև 0-5 տարեկան երեխաների շրջանում` անհրաժեշտ միկրոտարրեր /ֆոլաթթու, կալցիում, երկաթ, յոդ, ցինկ/ պարունակող համալիրների նշանակման ուղղությամբ  (համալիրների ձեռքբերումը` ոչ պետական միջոցների հաշվին): Կարևորելով  Հայաստանի Հանրապետությունում ցորենի ալյուրի միկրոտարրերով և վիտամիններով պարտադիր հարստացման անհրաժեշտությունը գիտականորեն հիմնավորելու (ի լրումն ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության) անհրաժեշտության վերաբերյալ գիտահետազոտական կազմակերպությունների առաջարկը, ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է նաև թիրախային խմբերում, մասնավորապես` վերարտադրողական տարիքի կանանց և 0-5 տարեկան երեխաների շրջանում իրականացնել լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ`  սակավարյունության տարածվածության գնահատման նպատակով (ըստ միջազգային փորձագիտական գնահատման լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար պահանջվում է միջին հաշվով 150.000-200.000 ԱՄՆ դոլար): Հաշվի առնելով վերոնշյալը,  ինչպես նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության  սննդի անվտանգության և մակնշման կանոնակարգերում  ալյուրի   պարտադիր հարստացումը որպես պահանջ սահմանված չէ և 2015-2016 թթ-ի. ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության արդյունքում սակավարյունության վերաբերյալ ստացված  բարելավված ցուցանիշները, ՀՀ առողջապահության նախարարությունը վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարման     օրենսդրական դաշտի վերանայմանը կանդրադառնա մի քանի տարի անց` ուսումնասիրության և իրազեկման աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո: