ՌԴ և ԱՄՆ-ի լարված հարաբերությունները բացասաբար կանդրադառնան նաև Հայաստանի վրա (տեսանյութ)
Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության խնդիրը վերաբերում է ոչ միայն երկու երկրներին, այլև բոլոր հիմնական խաղացողներին. կարծում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: ԱՄՆ-ի քայլերը, ըստ արտակարգ եւ լիազոր դեսպանի, թիրախավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Իրանին: «Ոմանք պնդում են, որ ռուս-ամերիկյան լարվածությունը որոշ ժամանակ անց կթոթափվի, սակայն որոշ փորձագետներ էլ գտնում են, որ լարվածությունը կարող է տեւել տասնյակ տարիներ՝ ընդհուպ մինչև 2050 թվական: Եթե սա սառը պատերազմ չէ, ապա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի դեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արման Նավասարդյանը: Անդրադառնալով մեծ թվով ամերիկյան դիվանագետների կրճատմանը ՌԴ-ում, արտակարգ եւ լիազոր դեսպանը նշեց, որ դիվանագիտական շրջանում սա աննախադեպ երեւույթ էր: Արման Նավասարդյանի խոսքերով՝ երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները բացասաբար կանդրադառնան նաև Հայաստանի վրա: «Կնեղանա եւ կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանեւրելու հնարավորությունը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է կարծրացնի իր դիրքորոշումն անգամ իր դաշնակիցների նկատմամբ: Լավ բան դրանից չեմ սպասում: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, այստեղ էլ երկու կարծիք կա՝ ասում են, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ: Ռուսաստանի դժվարությունները կանդրադառնան հայկական տրանսֆերտների վրա, մյուս կողմից ասում են, որ սա կարող է դրական ազդեցություն ունենալ, բայց եթե մեծ տերություններն առճակատվում են, երբեք եւ երբեք փոքր պետությունները չեն շահում: Նույնիսկ Թուրքիա եւ Ռուսաստան հարաբերությունները, որ շատ-շատերը ասում են ինչքան վատ եղավ հարաբերությունները, մեզ համար լավ է, ես հակառակ կարծիքի եմ»,- եզրափակեց Արման Նավասարդյանը: