Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ-որ չինովնիկ կարող է փակել կայքը, որտեղ գրված է իր օֆշորային հաշիվների մասին» (տեսանյութ)

Հասարակություն
samvel-2

Նոյեմբերի 1-ից Ռուսաստանում կարգելվի VPN ծառայությունների  կիրառումը, որոնց միջոցով  հնարավոր էր մուտք գործել ցանկացած արգելափակված կայք: Սրանք ՌԴ-ի առաջին քայլերն են  ինտերնետային  ազատությունը սահմանափակելու ճանապարհին։ «Ռուսաստանը գնում է չինական կամ արաբական երկրների օրինակով, փաստացի ինտերնետը զրկվում է իր հիմնական առավելություններից մեկից՝ տեղեկատվության ազատ տարածումից»,- նշում է տեղեկատվական անվտանգության մասնագետ  Սամվել Մարտիրոսյանը: Այս ամենը սկսվել էր ավելի վաղ, երբ Ռուսաստանը որոշում կայացրեց  արգելել մի շարք  կայքերի մուտքն իր երկրի տարածքից. «Իրականում, երբ դա սկսվում էր, խոսքը գնում էր միայն այն կայքերի մասին, որոնք ինքնասպանություն էին քարոզում կամ էքստրեմիստական էին,  բայց իհարկե երբ   ստեղծվում է նման գրաքննության մեխանիզմ,  իրենք սկսում են ավելի լայն կիրառվել ու արգելափակումների տակ են ընկնում նաեւ  լրատվամիջոցները»: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ մյուս՝ նման մեթոդներ կիրառող երկրներում, ըստ մասնագետների, ազդեցությունը բոլորովին հակառակն է լինում: Որքան շատ են արգելքները, այնքան ավելի մեծ է հետաքրքրությունը: Հայաստանն այն հազվադեպ  երկրներից է, որտեղ ինտերնետի լիակատար ազատություն է: Սակայն ԵԱՏՄ անդամ երկրի այսպիսի փոփոխություններից հետո  Հայաստանում պետք է ավելի աչալուրջ լինել՝ անցանկալի փոփոխություններ թույլ չտալու համար: «Հիմա դա կարող է ի շահ լինել, ինչ-որ վատ կայքեր սահմանափակվեն, բայց վաղը  ինչ-որ չինովնիկ կարող է դա օգտագործել ու փակել մի կայք, որտեղ ասենք գրված է, որ ինքը օֆշորային հաշիվներ ունի»: Ի դեպ, VPN-ների արգելման  հետ մեկտեղ, Ռուսաստանի պետդուման օրենք է ընդունել, ըստ որի՝ արգելվում են նաեւ անոնիմայզերները: Այսուհետ բոլոր ինտերնետից օգտվողները պետք է նույնականացվեն՝ իրենց  բջջային հեռախոսի համարներով: Այսինքն՝ ոչ մի կայք անանուն մուտք գործել այլեւս չի հաջողվի: