«Հակառակորդը երեկ կրակ է բացել կոմբայնավարի վրա, իսկ Ֆեյսբուքում…». Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը  մի քանի օրով վերադարձել է Տավուշից, որտեղ , ինչպես ինքն է նշում, «գիտակցաբար հրաժարվում էր  համացանցից, նաեւ սոցցանցերից օգտվել»։

Վերադարձից հետո տպավորությունը այսպիսին էր. «Մտա ՖԲ ու հասկացա, որ այն, ինչ այստեղ է կատարվում, բացարձակ կապ չունի նրա հետ, ինչով ապրում է իրական Հայաստանը, հայ մարդը: Ֆեյսբուքը միայն կրիտիկական ժամանակներում է այս կամ այն չափով ադեկվատ դարձել իրականությանը, մնացած ժամանակներում այն չգիտեմ, թե ինչ է….»

Իսկ Տավուշում… Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է՝ ինչ է տեղի ունենում այնտեղ.

«Սահմանապահ մարդիկ մտածում են, թե ամեն Աստծո օր ինչ գործ ճարեն, որ ընտանիքը ու երեխաներին պահեն.
-Ինչպես հնձեն ցորենի արտերը, որովհետև հուլիսի 24-ին Կոթիի արտերի վրա կրակեցին ու հրդեհեցին որոշ մաս. ծուխն այնքան շատ էր, որ սարերի վրայով եկել լցվել էր հարևան Ոսկեվան գյուղ, իսկ հուլիսի 28-ի առավոտյան էլ Ուղտի մեջք կոչվող դիրքից հակառակորդը կրակ բացեց Կապի տակ անվանումով հանդամասում հնձի փորձ կատարած կոմբայնավարի վրա։ Բարեբախտաբար, մինչև այժմ հակառակորդը չի հաջողել այդ արտը վառելու հարցում, բայց կոմբայնավարը ստիպված դադարեցրել է հունձը.
-Նույն օրը ցավալի մահ արձանագրվեց Բարեկամավանի դիրքերից մեկում ու մեկ պայմանագրային զինծառայող սպանվեց. ամենասկզբում՝ տեղում վարկածները շատ հակասական էին՝ հակառակորդի գնդակից մինչև…»։

Քաղաքագետը նաեւ կիսվում է զրույցներից ստացված տպավորություններով.

«Այդ օրը ինձ հետ Երևան եկող պայմանագրայիններից մեկը, որ հենց նույն դիրքից մեկ օր առաջ էր իջել, իր տեղը չէր գտնում ու անհանգստությունը վիշտը փորձում էր խեղդել գարեջրի մեջ…

Սահման պահող տղաների մտերմությունը մեկ այլ աշխարհ է… Ընկերոջ կորստից զատ դժգոհում էր առկա դրվածքից, որ վերևից չեն թողում լռեցնել թշնամուն…»։

«Ծնված ու ապրած լինելով սահմանամերձ գյուղում՝ Ոսկեվանում, երբ 90-ականների թեժ մարտերն էին անմիջական հեռավորությամբ՝  1 կմ այն կողմ,  վստահաբար կարող եմ պնդել, որ հակառակորդը շատ է լկտիացել. նախկինում այդքան ուժեղ ու վստահ չէին զգում իրենց, վերջին տարիներին կարողացան դիրքերն այնքան առաջ տալ դեպի մեր սահմանի մոտ ու այնքան անպատիժ մնալ, որ այսօր արդեն իրենց ներկայությունը զգում ես։

Բանակի հետ խաղ չեն խաղում, իսկ մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը կարծես թե դեռ ամբողջությամբ չի սերտել ապրիլյան պատերազմի դասերը. պայմանագրայինների հետ բազում-բազում զրույցները դեռևս մտահոգություններ են հարուցում, տղաների աշխատավարձը շատ ցածր է, գրագետ հրամանատարության հարցը դեռևս ամբողջովին լուծված չէ, սահմանային միջադեպերին ժամանակին ու էֆեկտիվ հակադարձելու հարցերը դեռ լուծված չեն, այնքան բան կա չլուծված….


Իսկ այստեղ ֆեյսբուքում…. չասեմ՝ գիտեք….»,- ՖԲ իր էջում գրում է Ստյոպա Սաֆարյանը։