Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի հարցում ոչ ոք չի կարող ստիպել, անգամ Պուտինը» (տեսանյութ)

Քաղաքականություն
rusac

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի հայտարարությանը, թե հնարավոր է ԱՊՀ երկրներում անցում կատարվի կիրիլիցիայի՝ Հայաստանում լուրջ չեն վերաբերվում: «Ասել, որ բոլորը պետք է անցնեն կիրիլիցային, անհեթեթություն է: Հայերը վերադառնալու տեղ չունեն, մենք արդեն 1600 տարի գիր ունենք, այլ է, օրինակ, ղրղըզների դեպքում, նրանք կիրիլիցայով են գրել, իսկ հիմա անցում են կատարել լատինատառի: Իսկ Վասիլևայի ասածը հայերին չի վերաբերում: Այս հարցում մեզ ոչ ոք չի կարող ստիպել որեւէ բան, անգամ Պուտինը: Սա ոչ դիվանագիտություն է, ոչ քաղաքականություն: Մեր հոգևոր մշակույթի հետ գործ չունեն: Հոգևոր արժեքների դեպքում առևտուր չենք ընդունում»,- ասում է գրականագետ Ազատ Եղիազարյանը: Բնապահպան Կարինե Դանիելյանը  նույնպես համոզված է, որ հայատառը երբեք չի փոխվի կիրիլիցայով, բայց նրա համար մտահոգիչ է  համարում ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը, ըստ որի՝ նա առաջարկում էր ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալ Հայաստանում՝ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքը ճանաչելու դիմաց. «Ես ռուսական կրթություն ունեմ ու մտածում եմ ռուսերեն: Դա շատ խոչընդոտներ է ստեղծում իմ համար: Ես կարծես այդպես ինձ լիարժեք հայ չեմ համարում: Պետք է իմանալ լեզուներ եւ շատ լեզուներ, բայց առաջնայինը, պետականը պետք է լինի մայրենի լեզուն»: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ նկատեց՝ կան ուժեր, որոնք դիտավորյալ կամուրջներ են քանդում և պատեր կառուցում. «Սա  քաղաքակրթության վերջն է և տգիտության սկիզբը: Ռուս ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք իրար հետ ճանապարհ ենք անցել: Մենք ռուսներին պետք  է հասկացնենք, որ մենք դարերից ենք եկել՝ մեծ բեռով՝ Նարեկացիով, Քուչակով: Նրանք չեն կարող այդ ամենը ոչնչացնել»: Չնայած որ հայ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ նման հարց օրակարգում չկա ու չի կարող լինել եւ կոչ են արել չանհանգստանալ, բայց բանախոսներն այս դեպքում հիշեցնում են ԵԱՏՄ մտնելու մեր գործընթացը, որի որոշումը կայացվեց 1 գիշերում: