Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդունել ենք բոլոր նրանց, որոնք կարող էին բերանը բացել» (տեսանյութ)

Հասարակություն
ncHg5caZkPc

ԲՈՒՀ-երն իրենք պետք է զբաղվեն ընդունելության քննություններով,-համոզված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Պետությունն ընդունելության քննությունների հետ գործ չունի. «Ես ասում եմ՝ բուհ, առաջ արի: Ընդունելությունը կազմակերպիր, չե՞ս ուզում քննություններ, հանիր, որովհետեւ դրանք ձեւական են, դրանք մարդու գրպանից լրացուցիչ փող ես կորզում ոչինչ չտալով: Մեկ է առանց քննության են ընդունվում»: Պարոն Բլեյանը նկատում է, որ ԲՈՒՀ-երի բոլոր կարգի տեղերը մի քանի անգամ ավելի շատ են, քան դիմորդների թիվն է: Այսինքն՝ վերջին հինգ տարում չկա մի դիմորդ, որ Հայաստանում դիմի որեւէ ԲՈՒՀ եւ չընդունվի: Ուսանողների թվի պակասումը, ըստ Աշոտ Բլեյանի, իսկապես խնդիրներ է առաջացնելու ԲՈՒՀ-երի համար: Նրանք չեն կարող ուսման վարձ բարձրացնել, փոխարենը ստիպված են գոյատեւելու համար մի բան մտածել. «Հիմա պիտի մտածի, թե ոնց է լրացնելու, ինչ ծառայություններ է անելու նոր, հետազոտական աշխատանքի ծավալ գտնի, գրանտ գտնի»: «Հայբուսակ» համալսարանի ղեկավար Անահիտ Հարությունյանը ԲՈՒՀ-երի դիմորդական տեղերի 60 տոկոս թափուր մնալու մեջ տարօրինակ ոչինչ չի տեսնում՝ պետությունը թող մտածի. «Որքան մարդ կա եւ ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, բոլորը կարող են բավարարել իրենց ցանկությունները»: Տիկին Հարությունյանն արձանագրում է, որ ստեղծված խնդիրը իսկապես ծանր է անդրադառնալու դասախոսական կազմի վրա, բազմաթիվ մասնագիտությունների դասախոսներ մնալու են առանց աշխատանքի. «Այդ դասախոսներին ինչ-որ ձեւով պետք է բեռնել, զբաղեցնել»: Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում դերասանի վարպետության դասախոս է եւ ամբիոնի վարիչ է: Ընդունել է բոլորին, ովքեր դիմել են. «Բոլոր նրանց, ովքեր կարող էին բերանը բացել: Փակելու մասին էլ չեմ ասում: Փակում էինք մենք ինքներս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ գործողություն է կատարվում»: Ռուբեն Բաբայանը նկատում է, որ պետությունը պետք է ունենա բուհական մարկետինգ եւ այսուհետեւ կարողանա պատճառաբանել, թե որ մասնագիտության համար ինչու է հատկացնում որոշակի տեղեր: