Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես խուսափել հրդեհից. ԱԻՆ-ը զգուշացնում է

Կարևոր լուրեր Հասարակություն

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար և կարող են բացասական ազդեցություն ունենալ անտառամերձ համայնքների սոցիալական կայունության վրա: Հրդեհներն ազդում են ոչ միայն բուսածածկ տարածքների վրա, դրանք նաև ռիսկեր են պարունակում տեղի համայնքների և բնակչության համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են մարդկանց առողջության վրա, իսկ ավելի կոնկրետ` լուրջ վնաս են հասցնում շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին: Չնայած նրան, որ վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպես, օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, այդուհանդերձ հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`  - վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.  - նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ. - որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.  - ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.  - շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ. - ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.  - կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).  - արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.  - թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն: Բուսածածկ տարածքների հրդեհնեհջ.առաջացման տարածված պատճառներից են նաև անզգուշությունը ծխելուց և երեխաների խաղալը կրակի հետ: Վերջինս տեղի է ունենում այն պատճառով, որ երեխաները մնում են առանց հսկողության, խաղում են լուցկով և այլ հրավտանգ առարկաներով` երբեմն հրդեհելով բուսածածկ տարածքները: Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ դրա անմիջական զոհ լինել: Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի: Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: Սակայն, որքան էլ ցավալի է, դեռևս մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անփութությամբ վնաս են պատճառում անտառին: Ամեն տարի ամռանը, հատկապես երաշտի պայմաններում, տարերային գործոնների և բնակչության անզգուշության հետևանքով անտառներում և խոտածածկ տարածքներում տեղ-տեղ բռնկվում են հրդեհներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տնտեսությանը, մարդկանց կյանքին ու անվտանգությանը: Հրշեջներն, իհարկե, հարկ եղած դեպքում պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին: Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ` ծանր հետևանքներից:  Հիշե՜ք, որ անտառներում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: