Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում 40 հազար կտոր գիրք փտում է (տեսանյութ)

Հասարակություն
grada

Վանաձորի ավագանու Հանրապետական եւ Դաշնակցական խմբակցությունները ապրիլին մեկ քվեարկությամբ աշխատանքից զրկեցին գրադարանների 34 աշխատակցի: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն անհանգիստ են: Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը նշում է՝ «Կոնկրետ առաջարկով կդիմենք քաղաքապետին, որ փոխեն այդ որոշումը»: Գրադարանները պետք է օպտիմալացվեն: Սա է քաղաքապետարանի որոշման հիմքում, որի արդյունքում համայնքի բյուջեն կխնայի 33 միլիոն դրամ: Փակվող գրադարանների գրքերը գուցե տրամադրվեն դպրոցների գրադարաններին: Սակայն հարց է, թե որ ընթերցողը կօգտվի դպրոցների գրադարանից, նման մշակույթ չկա։ «Եթե ժամային իմաստով աշխատանքային ժամից դուրս լինի, բնականաբար մեր գրադարանավարուհին չի կարողանա սպասարկել»,- ասում է Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ղազումյանը։ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի խոսքով՝ «Այդ գրադարանները հանձնել դպրոցներին, որտեղ կա մեծահասակների գրականություն, տեխնիկական գրականություն, դա մի քիչ աբսուրդային է»: Փակվող գրադարաններից մեկի տնօրենը նկատում է, որ իր գրադարան այցելում էին եւ երեխաները, եւ մեծահասակները: Փակելու ոչ մի պատճառ չկար. «Պոլիտեխնիկը, մանկավարժականը, բոլորն էլ օգտվում էին: Ուսանողներ ունենք, հեսա բոլորի քարտերը: Ամենակարեւորը սպասարկումն ա՝ ընթերցողների թիվը մենք ապահովում ենք: Սա հանցագործություն է էս գրադարանը փակելը»,- ասում է Վանաձորի թիվ 2 գրադարանի նախկին տնօրեն Մարիետա Դավալյանը: Մարիետա Դավալյանի համար ողբերգությունը գրադարանի փակումը չէր, այլ իրենց աշխատանքը չգնահատելը: Գրադարան են փակում առանց որեւէ զգուշացման, ինչպես նաեւ աշխատանքներում որեւէ թերացում գտնելու. «Ոչ մի տեղ էս գրականությունը չեք գտնի, ինչ որ մեր մոտ ա»: 2009-ին Վանաձորում փակվել էր Դիմաց թաղամասի գրադարաններից մեկը: 8 տարվա մեջ այնտեղ մնացած 40 հազար կտոր գրականությունը հասցրել է փտել եւ բորբոսնել: Կա մտավախություն, որ ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին փակված 4 գրադարանների գրքերն արժանանալու են սրանց ճակատագրին։ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանը հավելում է. «Սանիտարահիգիենիկ համաճարակային տեսչությունը, եթե դիմենք եւ գա, միգուցե այդ տարածքը ազատի եւ ընդհանրապես արգելի, որպեսզի մոտակա մի քանի մետրի վրա երեխաները խաղան»: