Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետպատվերով բուժօգնության կարգը կփոխվի

Հասարակություն
b1cc41489a1f6083c8df48655d6e580b

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, որով սոցփաթեթի շահառուների համար պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգը կփոփոխվի: Ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատությունների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ: Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս: Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել հիվանդանոցային օղակի բժշկական հաստատությանը, որը փաստացի պետք է մատուցի ծառայությունը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և շահառուի կողմից ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ: Այժմ պետական ծառայողները կարող են միանգամից դիմել  այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել: Նոր հաստատված կարգով՝ քաղաքացիները ներկայացնելու են միայն անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց հավաստագրի։ Սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար պարտադիր է լինելու նույնականացման քարտի առկայությունը եւ բժշկական ապահովագրությունը։ Արդեն կառավարության նիստից հետո  Լեւոն Ալթունյանը նշեց, որ այս համակարգում ընդգրկվել են 80-100 հազար շահառու. «Եթե ամեն ինչ բարեհաջող և հարթ անցնի, վեց ամիս հետո մենք կառաջարկենք մի որոշման նախագիծ, որով ևս 612 հազար մարդ կանցնի այս բանաձևին և այդ գործընթացի հաջողության դեպքում ևս մեկ տարի հետո կառաջարկենք համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրություն»: