Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործող բոլոր քաղաքական ուժերը սպասարկում են Սերժ Սարգսյանին. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cirani

 Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, սակայն, անուններ չի տա, բայց, ըստ նրա, քաղաքական դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերը սպասարկում են Սերժ Սարգսյանի իշխանությունը. «Ինձ համար կապ չունի՝ Հանրապետական է, ով է, մեր համար, Երկիր Ծիրանի կուսակցության համար մի աստիճանի վրա են նրանք, մենք դա դատում եւ գնահատում ենք իրենց վարքագծով»: Որեւէ մեկի հետ քաղաքական դաշտում համագործակցելու եզր չի տեսնում «Երկիր Ծիրանիի» ղեկավարը: Ինքն այսօր հակադարձում էր Ելք քաղաքական ուժի այն հայտարարությանը, որ Զարուհի Փոստանջյանը լավ կանի չզբաղվի վհուկների որսով, քանի որ դա լավ վերջաբան չի ունենա: Տիկին Փոստանջյանը դարձյալ առանց անուն տալու կասի, որ Ելքն էլ է Սերժ Սարգսյանին ծառայում. «Եվ ի դեպ, ասեմ՝ նրանք այդպես էլ քվեարկում են»: Զարուհի Փոստանջյանը մտադիր է տապալել Հանրապետական կուսակցության իշխանությունը եւ բերել կարգեր, որտեղ չեն լինի գործակալական ցանցեր, որտեղ ոչ ոք նախորդ իշխանության հետ կապեր չի ունենա: Այսօր նա մենակ է, քաղաքական դաշտում, ընդդիմադիր համարվողները նրան օգնական լինել չեն կարող. «Նույնիսկ կարող եմ ասել՝ նրանք ոչ թե օգուտ կարող են բերել, նրանք հիմնականում գործուղված մարդիկ են լինում, եւ պետք է այնպես անենք, որ էդ մարդիկ հեռու մնան մեզանից»։ Ի դեպ, տիկին Փոստանջյանը խոստացել էր քաղաքապետարանում դժոխքի վերածել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը՝  ի՞նչ նվաճումներ կան այդ առումով. «Դժոխքն արդեն դուք պետք է գնահատեք»: Դժոխքի վերածելու համար տիկին Փոստանջյանն այսօրվա ասուլիսում մի քանի մտահոգություն ներկայացրեց: Ավագանու անդամը բացահայտեց, որ քաղաքապետարանը ոչնչացրել է մինչեւ 2012 թվականը տրանսպորտի ոլորտում արված բոլոր գործարքները որպես պատմական եւ մշակութային արժեք չունեցող փաստաթղթեր: Եվ սա դեռ դժոխքի ամբողջ դեմքը չէ. «Շուրջ 1 միլիոն դոլարի վարկ է ձեռք բերել քաղաքապետարանը, որի միջոցով ինչ-որ մի անգլիական կազմակերպությանը պատվիրել են խորհրդատվական ծառայություն, թե ինչպես պետք է բարելավվի տրանսպորտը։ Գումարներն արդեն ծախսվել են, բայց որեւիցե առարկայական վերլուծություն մեզ տրամադրված չէ»: Տիկին Փոստանջյանը շարունակում է խոստանալ, որ Տարոն Մարգարյանի համար հեշտ չի լինելու Երկիր Ծիրանիի հետ աշխատելը: