Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւ ցուցակ.խոսնակներն ընդդեմ լրագրողների (տեսանյութ)

Քաղաքականություն
m4Ld37xKrgc

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը վաղուց գիտեր, որ մամուլի խոսնակները իրենց պատկերացնում են որպես լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող մարմիններ. «Բայց ես չէի պատկերացնում, որ էդ ամենաթողությունը, էդ ցինիզմը հասել է էն աստիճանի, որ իրենք փակ խումբ կարող են ստեղծել, էդ փակ խմբում քննարկել մեզ եւ էդպիսի որակումներ տալ էն լրատվամիջոցներին, որոնք իրենց կողմից կառավարելի չեն): Տիկին Օհանյանը երեկ է տեղեկացել, որ սոցիալական ցանցում գոյություն ունի մամուլի խոսնակների փակ խումբ, որտեղ գերատեսչությունների մամուլի հետ կապերի ղեկավարները քննարկում ու որակումներ են տալիս իրենց համար անցանկալի լրագրողներին ու լրատվամիջոցներին.«Ես չգիտեմ: Ինձ թվում է իրենց վերադասը հետեւություններ պիտի անի, հա՞, պիտի պարզապես էդպիսի մարդիկ իրավունք չունենան աշխատել էն պաշտոնում, որտեղ արգելված է, որտեղ իրենց մտքով անգամ պիտի չանցնի էդպիսի վարվելակերպ որդեգրել մամուլի որեւէ միջոցի նկատմամբ»: Վահե Մակարյանը այն լրագրողն է, որի մի հրապարակումի փորձից էլ սկսվել էր այս պատմությունը: Նա զանգահարել էր արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի անձնական մեքենային տված դիվանագիտական համարանիշների հարցով.«Վիրավորեց, ասաց՝ տականք, ես քեզ պես տականքի հետ չեմ ուզում խոսել»: Վահեն ասում է, թե ինքը միշտ էլ իմացել է, որ մամուլի խոսնակները երկերեսանի մարդիկ են.«Իրենք մեր երեսին ժպտում են, մեզ քծնում են շատ հաճախ, մեզ հետ փորձում են չակերտավոր լավ վերաբերվել, որպեսզի իրենց շեֆերին լավ վերաբերվենք, իրենց ղեկավարներին, իրենց գերատեսչությանը, բայց իրականում մեր հետեւից բամբասում են, զրպարտչական կեղտոտ ինֆորմացիաներ են տարածում մեր հասցեին»: Սեւ ցուցակում հայտնվելու պատմությունը նրան էլ է զարմացրել: Զոհրապ Եգանյանը Գեղարքունիքի մարզպետի մամուլի քարտուղարն է, նախկինում զբաղեցրել է կրթության նախարարի եւ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարը: Նա նույնպես մասնակցում է լրատվամիջոցների դեմ ծավալվող խոսնակների հայտնի զրույցին, որը նա համարում է տհաճ պատմություն: Սակայն ոչ դատապարտելի «Երբ որ խոսակցություն է գնում մասնագիտական, ու տրամաբանությունը նա է, որ էդ խմբում գործընկերներ են, հնարավոր է, որ էդ զսպման մեխանիզմները կիրառվեն…Ամբողջ տհաճությունն այն է, երբ որ կոպիտ ասած էդ առանձնազրույցները դուրս են գալիս»,-ասում է նա։ Այսօր, ըստ մարզպետի մամուլի խոսնակի, խումբը կարող է եւ դադարեցնել իր գործունեությունը, այն իր նպատակին ծառայել է: Տեղի ունեցածի համար գուցե պատրաստ է պատասխան տալ.«Բայց ես աշխատանքից դուրս գալու պատճառներ , անկեղծ եմ ասում , չեմ տեսնում, դա խոսակցություն է, դա քննարկում է, որ չգիտեմ ում ձեռքով տրվել է լրատվամիջոցներին»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ուրախ է, որ այս պատմությունը դուրս եկավ ջրի երես: Հիմա այդ խոսնակների արածը պետք է դառնա իրենց ղեկավարների դիտողությունների թեման.«Իրենց ղեկավարները շատ լուրջ զրույց են ունենում իրենց հետ, նկատողություն են տալիս եւ ասում են, որ այս ամենը համատեղելի չէ իրենց գերատեսչության աշխատաոճի հետ»: Յուրային եւ ոչ յուրային լրատվամիջոցներ չպետք է լինեն խոսնակների համար: Եթե նրանք որեւէ հրապարակման մեջ զրպարտություն են տեսնում, կարող են հերքել կամ նամակով տեղեկացնել այդ մասին, սակայն այդպիսի լրագրողների համար սեւ ցուցակ ունենալը չափազանց է: