Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն քար իր բացատրությունն ունի. կամավորները տպավորված են Հայաստանով

Հասարակություն
noravank

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2017»  ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող օտարերկրացի կամավորները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության հրավերով  Վայոց ձորի մարզում էին: Մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը տպավորել էր հյուրերին: Նորավանքի վանական համալրիրի տարածքում ու Մոմիկի թանգարանում նրանց  համար էքսկուրսիա է անցկացվել: Երիտասարդներին ներկայացվել է Մոմիկ ճարտարապետի, գործունեությունը, թողած ժառանգությունը: «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով Կորեայից, Հոնկոնգից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից ու այլ երկրներից առաջին անգամ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները էքսկուրսիայի ավարտին իրենց տպավորություններով կիսվել են թանգարանի գրառումների մատյանում: «Երբեք չէի կարող պատկերացնել, որ յուրաքանչյուր քարն իր առանձին բացատրությունը կունենա, ճարտարապետական կառույցները տպավորիչ էին և այս հիասքանչ վայրն իրոք արժեր տեսնել», -գրառել էր խմբի ամենակրտսերը` 18-ամյա Պուի Յի  Ցսանը: Ֆրանսիացի Սիմոն Գոտյեն գրառումների մատյանում ոչինչ  չէր գրել, թեև շատ  տպավորված էր: Մինչ  այստեղ գալը  նա  Հայաստանի մասին պատմող գիրք էր գնել ու մանրակրկիտ ուսումնասիրել: Սիմոնը խմբի ամենահետաքրքրասերն էր, անցնող օրերին նա գրքի էջերից  առանձնացրել  էր  իրեն հետաքրքրող տեսարժան վայրերը, որտեղ հասցրել էր լինել` Սևանավանք, Հայաստանի Ազգային պատկերասրահ, Գառնի, Հայաստանի Պատմության թանգարան: Ֆրանսիացի կամավորը մտադիր է մեր երկիր գալ նաև տարվա այլ եղանակի, երազում է լինել Ամբերդում ու Աղձքում: Ձմռանը նախատեսում է Հայաստան այցելել նաև իսպանացի Ալբա Սոնեյրան: «Ուզում եմ ձյան շերտով պատված  Արարատը տեսնել ու հիանալ այդ  գեղեցկությամբ: Նորավանքի ժայռերն էլ այնքան մեծ էին, որ դրանցով շրջապատված ինձ շատ փոքր էի  զգում», - անկեղծացել է նա, հավելելով, հայկական ու իսպանական մշակույթների մեջ ներդաշնակ նմանություն կա: Լատվիացի Ագնեսա Թիմբարեան էլ փորձում էր հայերենի իմացությամբ զարմացնել: «Բարև, ոնց ես, ես հայերեն եմ սովորում, շատ սիրեցի Հայաստանը», -լատվիական շեշտադրումով հայերեն խոսող կամավորը դժվարանում էր հնչյունները ճիշտ արտաբերել: Նա  Հայաստանից կմեկնի փետրվարին, իր իսկ խոսքով` ավելի վարժ հայերենի իմացությամբ: Օտարերկրացի կամավորներին տպավորել էր նաև հայկական հյուրընկալությունը,  մարդկանց ջերմությունը: Երիտասարդները  Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին:  Մեկնումից առաջ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կամավորներին հյուրընկալվել են ՀՈՒՋ ղեկավար Ստեփան Ստեփանյանը և  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:   Ս. Ստեփանյանը բարձր է գնահատել  կամավորների իրականացրած աշխատանքը, ուրախալի համարել փաստը, որ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հասցրել են նաև մտերմանալ: «Ձեր կամավորական աշխատանքներում մեզանից յուրաքանչյուրը վերհիշել է իր երիտասարդ տարիները: Մենք պատրաստ ենք ձեզ հյուրընկալել նաև գալիք տարի», - իր խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Կամավորներին ներկայացվել է նրանց աշխատանքների ու ժամանցի մասին լուսապատկերային ցուցադրություն, ապա ՀՈՒՋ ղեկավար Ս. Ստեփանյանը և  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը նրանց պատվոգրեր են հանձնել:   «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին