Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան

Հասարակություն
1-14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության  քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության ոլորտում ներդրումներ իրականացնելու մտադրությամբ: «Մենք առաջարկում ենք անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական քայերից բաղկացած համալիր ծրագիր, որով ոլորտը կդառնա եկամտաբեր փոքր և միջին տնտեսությունների և գրավիչ` ներդրողների համար»,- նշել է նախարարը:  ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի փորձագետ Աշոտ Գրիգորյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի մշակած ծրագիրը, նշել է, որ  նախորդ տարվա համեմատ 2016 թվականին արձանագրվել է մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների աճ, բացի ներքին սպառումից Հայաստանը լուրջ հավակնություններ ունի  դեպի արաբական երկրներ և Իրան ոչխարի մսի արտահանման հարցում, իսկ բարձրորակ պանրի արտադրության պարագայում Ռուսաստանը կարող է լավ շուկա հանդիսանալ:  Փորձագետը հավելել է, որ ոլորտում, սակայն, կան մի շարք մարտահրավերներ, մասնավորապես ցածր է արդյունավետությունն ու արտադրողականությունը, ինչն այսօր անասնաբուծությունն ոչ գրավիչ ոլորտ  է դարձնում ներդրողների և գյուղացիական տնտեսությունների համար:   Ռազմավարությամբ առաջարկվող առաջին ուղղությունը տոհմային տնտեսությունների զարգացումն է, դրանց չափորոշիչների հստակեցումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային տնտեսություններում բուծվող  մաքրացեղ կենդանիների սերունդներ մատակարարել փոքր և միջին տնտեսություններին: Հաջորդ քայլով առաջարկվում է ստեղծել արհեստական սերմնավորման կայան, որը հնարավորություն կտա արհեստական սերմնավորման միջոցով բարելավել խոշոր եղջերավոր կենդանիների գենոֆոնդը:  Նախատեսվում է տավարաբուծությունը և ոչխարաբուծությունը  զարգացնել ինչպես ներկրված, այնպես էլ՝  տեղական ցեղատեսակներով:  Արդյունքում` էականորեն կբարձրանա կենդանիների մթերատվությունը, կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կաճի արտահանումը, կզարգանան  հարակից ենթակառուցվածքները:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին