Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնդիրները հոգեբուժարաններում ոչ միշտ են պատշաճ ուշադրության արժանանում .ՄԻՊ

Կարևոր լուրեր Հասարակություն
MIP

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ Աղվերանում անց է կացվում սեմինար՝ հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկման չափորոշիչների վերաբերյալ։ Դրան մասնակցում են հոգեբուժության ոլորտում միջազգային փորձագետ Վլադիմիր Արտակովը՝ Մակեդոնիայից, Վրաստանի Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներ, Հայաստանի փորձը ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներ։ Սեմինար-դասընթացի նպատակը փորձի փոխանակումն է, ինչը կարող է առավել արդյունավետ դարձնել մշտադիտարկման գործընթացը հոգեբուժարաններում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ խնդիրները հոգեբուժարաններում ոչ միշտ են պատշաճ ուշադրության արժանանում և կա անհրաժեշտություն դրանք լայն քննարկման առարկա դարձնելու։ Այս խնդիրների ուսումնասիրությունը, ըստ Պաշտպանի, պահանջում է մասնագիտական մոտեցում և այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքներում առաջիկայում կներգրավվեն նաև պրոֆեսիոնալ հոգեբույժ, հոգեբան, սոցիոլոգ։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ փոխվել է հասարակության վերաբերմունքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, հասարակությունը խոսում է դրանց մասին, բայց դեռ շատ անելիք կա։ Երկօրյա դասընթացի ավարտից հետո մասնակիցները կայցելեն հոգեբուժական հաստատություն։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ