Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ծառուկյանին

Պաշտոնական
24698_b

Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք կամ 4548 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Նա շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, Արցախի և Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ: Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը, մեր՝ այստեղ ներկա գտնվող Երևանի քաղաքապետին, մարզպետներին, օլիմպիական կոմիտեի նախագահին, որ կազմակերպել և անցկացրել են այս միջոցառումը: Բոլորիդ շնորհավորում եմ և շատ շնորհակալ եմ»,-ողջույնի խոսքում ասել է Հանրապետության Նախագահը: