Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդինի հայտարարության շուրջ ամոթ էր անգամ քննարկումներ ծավալելը. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Այսօր կայացել է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստից ամփոփ մանրամասներ ներկայացրեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, որից հետո լրագրողները տվեցին իրենց հարցերը: Առաջին հարցը  վերաբերում էր ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Հայաստանի իշխանություններին արած առաջարկությունն այն մասին, թե ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ պետք է տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում: Շարմազանովը նշեց, որ այդ հայտարարություն անգամ քննարկման առարկա չի կարող լինել:

«Նույնիսկ քննարկման ենթակա հայտարարություն չէր, ամոթ է այդ մասին քննարկումներ անցկացնել: Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է եւ միակ պաշտոնական լեզուն մնալու է հայրենը: Սա հստակ է եւ վերջնական»,-ասաց նա: Նա նշեց, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու հարցը կարգավորելու համար, ԵԱՏՄ-ն որպես միություն դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն կատարվի նաև Հայաստանի քաղաքացիների համար:
Լրագրողները հիշեցրին ՀՀԿ խոսնակին, որ «Ելք» դաշինքի որոշ գործիչներ եւ կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» չեն ողջունում Հայաստանի ԵԱՏՄ միանալը: ««Ելք» դաշինքի որոշ գործիչներ եւ կոնկրետ «Լուսավոր Հայաստանը» չեն ողջունում Հայաստանի ԵԱՏՄ միանալը, դա իրենց խնդիրն է: Ես պետք է նշեմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, միայն քաղաքական որոշում չէ, այն որոշում է, որն ամրագրված է տնտեսական հաշվարկներով: Մենք երբ որոշում ենք կայացրել ԵԱՏՄ-ին անդամակցելու, հստակ հաշվարկներ ենք արել: Մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային, Հայաստանում եւ Արցախում շեշտակի ավելացել է  զբոսաշրջիկների թիվը, որի առյուծի բաժինն հենց ԵԱՏՄ-ինն է: Լոկ քաղաքական հայտարարություններ չպետք է կատարենք առանց լուրջ հիմնավորումների: Դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին, քաղաքացիներին հարցրե՞լ են, պատկերացնու՞մ եք, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս եկանք՝ գյուղացիական տնտեսությունները, ծիրանագործությունը, խաղողագործությունը, կոնյակագործությունն ինչքան վնասներ են կրելու, հաշվարկ արե՞լ են: ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանեց նաև այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեն երկու օր առաջ Լատվիայի և Ադրբեջանի նախագահների  ռազմավարական համագործակցության հռչակագիր ստորագրմանը:  Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ժողովրդավարության ազատությունները պահպանված չեն և այդ երկիրը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, -նշեց Շարմազանովը՝ ավելացնելով. «Որտեղ գնում է ոչ թե ժողովդավարության կառուցում, այլ սուլթանաթ, և որտեղ ոչ ավել, ոչ պակաս երկրի նախագահն իր սիրելի տիկնոջը նշանակում է առաջին փոխնախագահ: Սա տարակուսելի է, որովհետև ԵՄ-ն գոնե ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական արժեքների մարմնավորում է, և զարմանալի է  այդ արժեքները դավանող երկիրը կնքում է նման համաձայնագիր ավտորիտար պետության հետ»: