Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն հավատարիմ է Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը. դեսպան

Կարևոր լուրեր Պաշտոնական
MG_6305-2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Ամեն անգամ, երբ ունենում ենք զոհեր, ես ցավ եմ ապրում: Յուրաքանչյուր մարդու կյանք ինձ համար բարձրագույն արժեք է եւ կապ չունի, թե այդ երիտասարդները, որ կողմից են զոհվում»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը: Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը: «Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ու երազանքները, մտահոգություններն ու մարտահրավերներն արտացոլող բովանդակալի բանավեճ ծավալելու հարցում առանցքային է բազմակարծությունը: Մենք պատրաստ ենք կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների նկատմամբ վստահության մեծացման եւ մեր երկու մեծ ազգերի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման աշխատանքներում աջակից լինել Ձեր եւ Ձեր գործընկերների ջանքերին», - իր խոսքում ասել է Ռիչարդ Միլսը: Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ հայ-ամերիկյան համագործակցությունն այս տարիների ընթացքում զարգացել է տարբեր ոլորտներում: Հանդիպմանն անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին: