Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դերձակից՝ օդաչու, վաճառողից՝ ակտիվիստ. ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)

Հասարակություն
akcia

 Ջեմմա Հովհաննիսյանը, որի որդին՝ ինժեներ Սարգիս Գրիգորյանը, Իրանում 16 տարի առաջ վթարված «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի զոհ է դարձել, միայնակ էր բողոքի ակցիայի եկել Կառավարության շենքի դիմաց. «Երեքշաբթի խմբով գնացել էինք ԱԺ, ասացին՝ արձակուրդ են... Որ արձակուրդ են, դրա համար որոշեցինք՝ այս ամիսը չգալ, օգոստոսի 30-ին նոր կսկսենք գալ»: Հաշմանդամություն ունեցող 130 օդաչուից այսօր արդեն մնացել է 48-ը, որոնք շարունակում են պահանջել իրենց՝ 10 տարի չվճարված թոշակները: ՀՀ իշխանությունների անարդար վերաբերմունքից դժգոհ էր նաեւ անհատ ձեռնարկատեր Արմենուհի Հարությունյանը: Նա ֆրանսիական մի ընկերության հետ պայմանագիր էր կնքել՝ տրիկոտաժի ձեռնարկություն հիմնելու համար.  «Մինչեւ շենքը սարքեցի, որ տրիկոտաժի այդ գործն անեմ՝ օտ կուտյուրիե է ուզում անել, ճանապարհը չտվեցին, հողս տարան, սքաներով թղթեր արեցին, սկսեցին վերավաճառել: Դիմում եմ մինչ օրս իրավապահներին...մենք ունե՞նք արդարադատություն, չունենք. համատարած հանցագործներ են»: akcia1 Արտաշատցի Արսեն Ավետիսյանը եւս միայնակ է իր բողոքի ակցիան անցկացնում: Նա գալիս է մեծ ցուցապաստառներով, որտեղ նշված են ժամանակակից զենքի տեսակներ, որոնք կկարողանայինք ձեռք բերել ու ավելի ամուր պահել մեր սահմանները, եթե  Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրա եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը չթալանեն երկիրն ու իրենց ունեցվածքից մասհանում անեն: Նրա բողոքի ակցիան դուր չի եկել իրավապահներին. «Ամսի 13-ին քաղաքացիական հագուստով զոռով եկան տարան ինձ այստեղից, ու վախեցնում են՝ եթե չդադարեցնեմ, կփակեն ինձ: Ինձ ասում են՝ իրավունք չունենք այստեղ կանգնելու, Սերժիկի ու Սաշիկի դեմ բան ասելու: Տարան ինձ բաժին, մի ժամ պահեցին, ասացի՝ ինչ ուզում եք արեք, ես ամեն ինչ անելու եմ, որ այս զենքերը առնենք»: kar-akcia Վերնիսաժի նախկին վաճառող Հասմիկ Հովհաննիսյանը, թեեւ միայնակ չէր եկել բողոքի ակցիայի, սակայն նրա գործընկերները հրաժարվեցին մեկնաբանություններից՝ նրանք եկել էին բացառապես վարչապետի հանդիպման ակնկալիքով. «Վերնիսաժում ես կանգնել եմ 15 տարուց ավելի, սակայն մեկ տարի առաջ անօրինական ձեւով մեզ հանել են, կարելի է ասել՝ դուրս են շպրտել: Տարան մեզ Հրազդան ստադիոն, պայմանների մասին դեռ չենք ասում, առեւտուր չկա բացարձակապես: Մենք բողոքներ ենք ներկայացրել տարբեր ատյաններ, ստացել ենք նամակների մեծ տրցակներ, որտեղ չկան պատասխաններ»: akcia2 Կառավարության շենքի մոտ էին նաեւ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները՝ գործարանի վերագործարկման պահանջով: Այստեղ էին նաեւ ոստիկանների համազգեստը ժամանակին կարող «Կոնտինենտեքս» գործարանի դերձակները, որոնց 4 տարի է՝ չեն վճարել ութ ամսվա աշխատավարձը՝ շուրջ 33 մլն դրամ: akcia3