Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է. վարչապետի հանձնարարականը

Քաղաքականություն
kar

Լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացում պետք է փոփոխություններ լինեն, քանի որ որոշ գերատեսչություններում բացակայում է պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմը կամ մեկ պատուհանի հնարավորությունը։ «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրված լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85 , իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին: Միաժամանակ այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն»։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1 ամսում մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու և այլ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղ ժամկետներ: Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարեց սահմանել վերահսկողության այս կետի կատարման վերաբերյալ: «Կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցել: Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք: Մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվեն: Հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը, երևի, գիտի, որովհետև որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»,-նշեց Կարեն Կարապետյանը: