Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ նախագահի ընտրությունները՝ սկսած 1994-ից (տեսանյութ)

Քաղաքականություն
drosh1

Այսօր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում նախագահի ընտրություններ են: Նախագահի առաջին ընտրությունները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան 1994-ին: Խորհրդարանը նախագահ է նշանակում Ռոբերտ Քոչարյանին, որը Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեի նախագահն էր: 1996-ի նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանն արդեն համաժողովրդական քվեարկությամբ կրկին դառնում է Ղարաբաղի նախագահ: Այդ պաշտոնում նա աշխատում է ընդամենը երեք ամիս: 1997-ի մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվում է Երեւան՝ վարչապետ աշխատելու: Ղարաբաղի երկրորդ նախագահ է դառնում չճանաչված այդ պետության արտգործնախարար Արկադի Ղուկասյանը: Նրա օգտին քվեարկում է ընտրությանը մասնակցածների ավելի քան 89 տոկոսը: Ղուկասյանին հաջողվում է Ղարաբաղի նախագահի պաշտոնում մնալ նաեւ 2002 թվականի ընտրություններում: Այդ ժամանակ արդեն նա հաղթահարել էր մեկ մահափորձ, որում մեղադրվում էր նրա նախկին զինակից Սամվել Բաբայանը: 2007-ին Ղարաբաղի երրորդ նախագահ է դառնում այդ երկրի Ազգային անվտանգության ղեկավար Բակո Սահակյանը: Նրա ստացած քվեներն ընդամենը 4 տոկոսով են զիջում իր նախորդի ցուցանիշին: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած ռուս պատգամավորները ասում են, որ դրանք ազատ եւ լեգիտիմ էին: Նույն ոգով են ընթանում նաեւ 2012-ի ընտրությունները: Ղարաբաղ եկած ռուս եւ արեւմտյան մի քանի դիտորդներ հայտարարում են, որ կարելի է նախանձել ղարաբաղցիներին ազատ ընտրության համար: Բակո Սահակյանի կառավարման ժամկետը պետք է ավարտվեր 2017-ին: Սակայն նա նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ, որի անցումային դրույթներով նա հնարավորություն է ունենում խորհրդարանի աջակցությամբ պաշտոնավարել եւս երեք տարի: Բակո Սահակյանը հայտարարում է, թե ովքեր կարծում են, որ ինքը Սահմանադրություն է փոխում իր անձի համար, ազնիվ չեն: «Սահմանադրությունը փոխում ենք երկրի շենացման համար»,-ասում է պարոն Սահակյանը: