Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւային սարքը 5 ատոմակայանի չափ էներգիա կարող է արտադրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
arevain

Երկու գիտնական ընկերներ  փոխում են արեւի էներգիայի կիրառման մասին պատկերացումները՝ այն դարձնելով բազմաֆունկցիոնալ: Նրանք ցանկանում են հելիոֆիկացնել աշխարհը՝ լուծելով 3 հիմնական խնդիր՝ էներգետիկ, էկոլոգիական եւ առողջ սննդի պատրաստում: 160 կգ կշռող եւ «Աղթամար» անունը կրող արեւային ինքնատիպ վառարանը 3,5 կՎտ հզորության է, կարող է աշխատել ամենաքիչը 50 տարի: Եթե սերիական արտադրություն լինի, ապա 1 կՎտ ջերմային հզորությունը կարժենա 100 դոլարից էլ քիչ: «Աշխարհում բոլոր էներգառեսուրսները սպառվելու են, եւ միակ տարբերակը, որ մնալու է, դա արեւի էներգիան է: Մենք գտել ենք ամենաէժան տարբերակը արեւից էներգիա ստանալու համար, հիմնականում ջերմային էներգիա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը: Կառավարության դիրքորոշումը այս հարցում զարմացրել է գիտնականներին: «3 նախագիծ ենք ներկայացրել կառավարությանը, սակայն հինգ ամիս անց զավեշտալի պատասխան ենք ստացել՝ մերժվելով՝ սա հեռանկարային չէ, ծրագիրն արժանի չէ հետագա ընթացքի համար»,- ասում է Տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանը: «Մեր իշխանություններին խնդրում ենք, որպեսզի չինական արտադրության արեւային սարքեր շատ չբերեն ՀՀ, մեր շուկան մեր սպառողների առաջ չփակեն»,- նկատում է Վահան Համազասպյանը:  Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, արտերկրից շատ ներդրողներ են հետաքրքրվել արեւային սարքով: Արտերկրում սարքը ցանկանում են օգտագործել արեւային սրճարաններ կառուցելու, ինչպես նաեւ՝ բիոսնունդ ստանալու համար: «Եթե սովորական մուրաբան արժե մեկ դոլար, արեւով մշակվածը՝ 5 անգամ ավելի թանկ արժե»,- վստահեցնում է Վահան Համազասպյանը: Գիտնական ընկերները նախագծել են արեւային էներգիայով աշխատող պահածոների գործարան գյուղի համար։ «Մեր հաշվարկներով՝ ՀՀ-ն ու Արցախն ունեն 350 հազար գյուղացիական տնտեսություն, եթե յուրաքանչյուրը ստանա 20 ԿՎտ-ոց արեւային համակարգ, կլուծի իր ջեռուցման խնդիրները եւ ամռանը կզբաղվի սննդի վերամշակման հարցերով: 350x20 կՎտ-ոց սարք, դա տալիս է մոտավորապես 5 ատոմակայանի տված էներգիա: Մենք կստանանք շատ էժան էնեգիայի աղբյուր»,- հավաստիացնում է Վահան Համազասպյանը: Արեւային «Աղթամար» սարքը նախատեսվում է փորձնական տեղադրել Սպիտակ քաղաքում՝ ձմռանը կաշխատի որպես ջեռուցման համակարգ, ամռանը՝ կարտադրի էլեկտրաէներգիա: