Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու ընտրություններում դիտորդության արդյունքները. վերջնական զեկույց

Քաղաքականություն
elections

2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում 2017թ. մայիսի 14-ին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտարկմանը մասնակցել են նաև Գորիսի մամուլի ակումբի կողմից հավատարմագրված դիտորդները։ Սույն զեկույցն ամփոփում է 60 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացված դիտորդության արդյունքները: 2017թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել զեկույցի աշխատանքային տարբերակի ներկայացումը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է: Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով: Վերահաստատելով ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցում ներկայացված առաջարկությունները և ի լրումն դրանց՝ «Անկախ դիտորդ» դաշինքն առաջարկում է.

  • Օրենսդրորեն սահմանել ընտրախախտումների և ընտրակեղծիքների, հատկապես ընտրակաշառքների բաժանման և վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ հավաստի տվյալների ողջամիտ ծավալը, որի դեպքում կարող է չեղարկվել  թեկնածուի (այդ թվում կուսակցության) գրանցումը կամ ընտրության արդյունքները,
  • Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում կայացնել ընտրակեղծիքների և ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ քննության համար տրամադրվող ողջամիտ ժամանակից հետո,
  • Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնցով կկարգավորվի օպերատիվ լուծումներ պահանջող վարչարարության առանձնահատկությունները, կսահմանվի թեժ գծի ներդրման ինստիտուտը, հնարավոր կլինի ընտրական հանձնաժողովներին հասցեագրել էլեկտրոնային գրավոր դիմում/բողոքներ: