Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենիսի ավագ դպրոցի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ. ԿԳՆ-ն տեղյա՞կ է

Քաղաքականություն
ed345c539bfd7918a84072977f761aa9

Երևանի ավագանու ԵԼՔ դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի նամակը. Հունիսի  14-ին «Առավոտ»  էլեկտրոնային թերթում (www.aravot.am/2017/06/14/891598/) հրապարակվեց «Կոռուպցիան  կանոնակարգվում է օրենքներով ու փաստաթղթերով»  իմ  հոդվածը, որտեղ  ներկայացված են կոնկրետ փաստեր Գեղարքունիքի  նախկին մարզպետի կադրային քաղաքականության շեղումների մասին, որը  ԿԳՆ-ի կողմից  մնաց անպատասխան: Շարունակում եմ պնդել, որ 22.10.2016թ. կայացած  Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության  գործընթացը    ընթացել է խախտումներով: Շատ կասկածելի է դպրոցի կառավարման խորհրդի  կազմը, որի մեջ գյուղապետի գլխավորությամբ ներկայացված են Սուվարյան գերդաստանի որոշ անդամներ, իսկ գյուղապետի կոռուպցիոն գործունեության մասին գյուղում խոսում են բոլորը և նրա համար դպրոցի գործերի մեջ խառնվելն անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Տնօրենի ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն  Ոսկան Ոսկանյանը, որի  ներկայացրած եզրակացությունը ընտրության ընթացքի մասին եղել է կիսատ պռատ  և նրա նկատմամբ ՀՀ  գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով  վարչության կողմից 2017թ. հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան առաջադրվել է մեղադրանք: Այս մասին  ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին  27.06.2017թ. գրավոր հայտնել է ՀՀ  գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով  վարչության պետ Տ.Ամբարյանն ու  տեղեկացրել, որ նախաքննությունը շարունակվում է: Ստացվում է, որ Վաղաշենի գյուղապետ Սուվարյանի կոռուպցիոն գործունեությանը հար և նման կոռուպցիայի մեջ մեղադրվող  անձը  տնօրենի ընտրության վերաբերյալ ԿԳՆ  է ներկայացրել այն եզրակացությունը, որի հիման վրա կայացած է համարվել  Վաղաշենի դպրոցի տնօրենի ընտրությունը, մի՞թե  կարելի է վստահել նման   մարդու  ներկայացրած փաստաթղթին: Եթե ԿԳՆ-ն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ, ապա, կարծում եմ նրա կողմից այդ փաստաթղթի նկատմամբ պետք է լինի  վստահության զրոյական աստիճան: Ինչևէ, սպասում եմ  վերոնշյալ  հոդվածի  վերաբերյալ  ԿԳ նախարարության պարզաբանմանը: Կից հրապարակում եմ ՀՀ դատախազության նամակը: vard Անահիտ Բախշյան Ելք  խմբակցության անդամ