Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել բելառուսական ԲԱՏԷ-ի արգելքը (տեսանյութ)

Սպորտ
MHM0115631

Երեւանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում պարտվեց Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին եւ դուրս մնաց պայքարից:   Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ ֆուտբոլասերների մոտ: Վերջին տարիներին եվրոգավաթային խաղում առաջին անգամ լեփ-լեցուն էին ստադիոնի արեւմտյան եւ արեւելյան տրիբունաները:   Ալաշկերտցիներն որգեւորվելով նման աջակցությունից, հենց խաղասկզբից տիրեցին նախաձեռնությանը եւ գրոհների տարափ տեղացին մրցակցի դարպասին: Այդ մարտավարությունը շուտով արդյունք տվեց: Խաղի 18-րդ րոպեին «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը գրավեց ԲԱՏԷ-ի դարպասը եւ առաջ մղեց իր թիմին:   Ավաղ, մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Փորձառու մրցակիցը, հակառակը, արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց եւ առաջ անցավ հաշվի մեջ: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Միխայիլ Գորդեյչուկը:   Հաջորդ փուլ մտնելու համար «Ալաշկերտը» մնացած ժամանակում արդեն պետք է երկու գոլ խփեր: Դա այնքան էլ իրատեսական չէր, քանի որ հյուրերն լիովին հսկում էին խաղի ընթացքին եւ դաշտի տերերին թույլ չէին տալիս մեծ ուժերով գրոհել: Ավելին, հանդիպման 78-րդ րոպեին փոխարինման մտած Մաքսիմ Վոլոդկոն երրորդ անգամ գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը եւ վերջնական վճռեց հակամարտության ելքը:   Բելառուսի չեմպիոնը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ մտավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի Պրահայի «Սլավիայի» հետ, իսկ ահա «Ալաշկերտը» երրորդ տարին անընդմեջ անհաջողության մատնվեց եվրոգավաթների որակավորման 2-րդ փուլում, որը դեռեւս անհաղթահարելի բարձունք է մեր թիմերի համար: Իսկ թե ինչու այդպես ստացվեց, դիտեք թիմի մարզչի պարզաբանումները.