Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու նախագահների հանդիպումները թույլ են տալիս լուծելու կոնկրետ խնդիրներ. Մատվիենկո

Քաղաքականություն
MG_5498-1

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Հուլիսի 17-ին պատվիրակությանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նշենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով հյուրերին` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մակարդակը, երկու երկրների ղեկավարների կողմից վարվող քաղաքական երկխոսությունը: Տիկին Մատվիենկոյի խոսքով` երկու երկրների նախագահների հաճախակի հանդիպումները թույլ են տալիս լուծելու կոնկրետ խնդիրներ, երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում մշակվում են նաեւ միջխորհրդարանական համագործակցության նոր սկզբունքներ: «Հայաստանը եղել եւ վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն: Տիկին Մատվիենկոն կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ներկա մակարդակի պահպանումը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի ավանդական ջերմ ու բարեկամական կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը եւ այս տարիների ընթացքում երկու երկրները դաշնակցային գործակցության որակական նոր մակարդակի են հասել: «Այս առումով, ցանկանում եմ ընդգծել, որ մեր ակտիվ մասնակցությամբ եվրասիական ինտեգրացիոն գործընթացում ընդլայնվում է համագործակցությունը առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ոլորտներում»,- փաստել է Արա Բաբլոյանը: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական պայմանագրերին, միջպետական ու միջկառավարական համաձայնագրերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: