Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան (տեսանյութ)

Մշակույթ
20179855_1969668156392634_1243681764_n

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաեւ «Մանկական Նոր ալիք-2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը: 9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը եւ տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը: https://www.youtube.com/watch?v=pUje2xCbOEg&feature=youtu.be Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Բրյուսելում: Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը: Միշայի կենսագրության մանրամասները հետեւյալ հղումով՝ http://www.eurovision.am/hy/junior/our-entries/38 «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո եւ կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: Առաջին ալիք | Հասարակայնության հետ կապերի բաժին