Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտի» առաջին լուրջ քննությունը եվրոգավաթներում

Սպորտ
a1alashkert-1

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին անգամ լավ հնարավորություն ունի մտնելու եվրոպական գավաթների 3-րդ փուլ: Մեր թիմն այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում կընդունի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին: Վեց օր առաջ կայացած թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Դա նշանակում է, որ եթե «Ալաշկերտը» այս խաղում անառիկ պահի սեփական դարպասը, ապա կմտնի հաջորդ փուլ: «Եթե խաղադաշտ մտնենք գոլ բաց չթողնելու համար, ապա՝ կպարտվենք: Հնարավոր է սկզբում շեշտը կդնենք պաշտպանության վրա, սակայն դա չի նշանակում, որ պետք է սեփական կիսադաշտից դուրս չգանք: Պետք է խաղանք ըստ իրավիճակի: Իմ թիմը հասունացել է այդպես խաղալու համար», - հանդիպումից առաջ հայտարարել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը կարծում է, որ «Ալաշկերտը» հոգեբանական առավելություն չունի, չնայած առաջին խաղից հետո գերադասելի վիճակում է գտնվում: «Չեմպիոնների լիգայում թույլ մրցակիցներ չկան: Մրցակիցը ցույց տվեց, որ լավ, մարտական թիմ է: Բայց կարծում եմ, որ մենք լավ շանսեր ունենք հաղթելու համար: Գիտենք մեր ներուժը, ուստի պարտավոր ենք անցնել հաջորդ փուլ»: Նշենք, որ հանդիպումը անչափ մեծ նշանակություն ունի կողմերի համար, քանի որ հաջողության դեպքում նրանք հնարավորություն կստանան պայքարելու ոչ միայն չեմպիոնների լիգայի, այլեւ Եվրոպայի լիգայի խմբային փուլի համար: Բանն այն է, որ որակավորման 3-րդ փուլում անհաջողության մատնված թիմերը տեղափոխվում են Եվրոպայի լիգայի 4-րդ փուլ, որի ժամանակ խաղարկվում են խմբային մրցաշարի ուղեգրեր: Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» - ԲԱՏԷ չեմպիոնական խաղը տեղի կունենա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Ի դեպ, Հայաստանի հավաքականի ֆաների ակումբներն առաջին անգամ աջակցելու են «Ալաշկերտին»: