Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկիրը խնդիր ունի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման. փոխնախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erik

Բնապահպանության նախարարությունը հակված է Սեւանա լճից նվազագույն ջրառ կատարելու, բայց ժամանակակից համակարգը առանձին բնապահպանական լուծումներ չի դիտարկում, եթե դա համահունչ չէ սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այսօր հայտարարեց բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով ԱԺ-ի ընդունած որոշմանը, որով այս տարի լճից 170 մլն խմ-ի փոխարեն 270մլն խմ ջուր բաց կթողնվի: «Էկոհամակարգի տեսանկյունից տատանումները լավ չեն՝ թե ջրի մակարդակի բարձրանալը, թե իջեցումը: Խնդիրը որպես այդպիսին  առանձին Սեւանի խնդիր չեմ դիտարկում , խնդիրը առանձնացված չէ , մենք ունենք խնդիր Սեւան մտնող գետերի ծավալների, Արփա- Սեւան թունելի, ոռոգման համակարգի մաշվածության հետ, սա ավելի կոմպլեքս ու մեծ խնդիր է, եւ ավելի ճիշտ եմ համարում ուշադրությունը բեւեռել առհասարակ  ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին»,- նշեց փոխնախարարն ու հավելեց, որ այսօր մեր երկիրը խնդիր ունի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից: Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին՝ փոխնախարարը նշեց, որ կառավարությունը քննարկում է հանքարդյունաբերության գործունեության ընթացքում մոնիտորինգի համակարգի ներդրումը. «Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Հանքարդյունաբերողները պարտավոր են ոչ միայն մոնիթորինգ իրականացնել, այլ նաև համապատասխան տեղեկատվությամբ կիսվել հասարակության, ՏԻՄ-երի և կառավարության հետ»: