Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ իրավաչափ միջամտություններ և բռնություններ՝ հավաքներին. զեկույց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-collagerrr

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2016թ-ի հուլիսից մինչև 2017թ-ի հունիսի30-ն իրականացված խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը։ Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Գյումրիում կազմակերպված հավաքների նկատմամբ տեղի են ունեցել բազմաթիվ ոչ իրավաչափ միջամտություններ և բռնություններ: Չեն պահպանվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները, հավաքների նկատմամբ ներգործությունների համար սահմանված կարգը: Հավաքների ընթացքի նկատմամբ տեղի են ունեցել չարդարացված և ոչ համաչափ միջամտություններ: Բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ ենթարկվել են հետապնդումների՝ կապված իրենց կողմից հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ: Ոստիկանության կողմից հավաքների անցկացման արգելումը, հավաքների անցկացման վայրերի չհիմնավորված սահմանափակումները կրել են կազմակերպված բնույթ: Նման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, սակայն, նշված օրերին Հայաստանի Հանրապետության որևէ հատվածում արտակարգ դրություն չէր հայտարարվել: Լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները և սպառնալիքները, բացի անձնական ֆիզիկական և բարոյական վնասներից, վտանգի տակ են դրել խաղաղ հավաքների ընթացքի լուսաբանումը և խոչընդոտել հավաքների ազատության իրավունքի իրականացմանը հավաքի մասնակիցների կողմից: Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել և ժամեր շարունակ անհիմն պահվել ինչպես ոստիկանության բաժիններում, այնպես էլ ոստիկանության զորքերի զորամասերում: Ճնշումների և բռնությունների զոհ են դարձել հավաքների մասնակից չհանդիսացող անձինք, ինչպես նաև հավաքի մասնակիցների ընտանիքի անդամներ: 2016 թ. հուլիսյան դեպքերի ընթացքում խախտումներ կատարող որոշ ոստիկաններ թեև ստացել են կարգապահական տույժեր, սակայն բռնություններ իրականացրած որևէ իրավապահ մարմնի աշխատակից կամ այլ անձ քրեական պատասխանատվության դեռևս չի ենթարկվել: Ինչպես նախորդ հաշվետու ժամանակահատվածներում, խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, կրկին ներկա են եղել առանց համազգեստի ոստիկաններ, որոնք, ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի, հավաքների ընթացքին չեն միջամտել և մասնակիցների ձերբակալումներ չեն իրականացրել: Ոստիկանության այն ստորաբաժանումները, որոնք մշտապես ծառայություն են իրականացնում խաղաղ հավաքների ընթացքում, համազգեստի վրա չեն կրել տարբերակման նշաններ, ինչը կարող է դժվարացնել անհրաժեշտության դեպքում նրանց նույնականացումը: Խաղաղ հավաքների մասնակիցների անհարկի ձերբակալությունները ուղղված են եղել անձանց կողմից տվյալ կամ հետագա հավաքներին մասնակցությունը սահմանափակելուն կամ նախատեսված հավաքների անցկացումը խափանելուն: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ