Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ազգային տոնին

Քաղաքականություն
1-1-1

Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համար սկզբունքներն ու արժեքներն ընդհանուր են եւ արժեհամակարգի հենց այդ ընդհանրությունն է ընկած հայ - ֆրանսիական դարավոր բարեկամության հիմքում: Դրանով է նաեւ պայմանավորված Հայաստանի անկախության վերահաստատումից հետո մեր երկրների միջեւ ծավալված 25-ամյա համագործակցության ամրությունը, որը հնարավորություն է տալիս մեր հարաբերությունները բնորոշել իբրեւ առանձնաշնորհյալ»: Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի իշխանութունների սկզբունքային դիրքորոշումները Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող հարցերում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիան իր ակտիվ ներգրավվածությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արժեքավոր ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ազգային ժողովի նախագահը հավաստիացրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա կառուցված հայ-ֆրանսիական հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն այսուհետ նույնպես ամրապնդվել, խորանալ ու ընդլայնվել:  6 (1)