Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կինոռեժիսորը սակրավոր չէ, ունի սխալ գործելու իրավունք» (տեսանյութ)

Մշակույթ
taras-tkachenko

Ժամանակակից ուկրաինական կինոն բավարար փորձ չունի: Երիտասարդ շնորհալի ռեժիսորներից յուրաքանչյուրը մեկ կամ երկու ֆիլմի հեղինակ է, մինչդեռ փորձ ձեռք բերելու համար նկարել է պետք: Կինոռեժիսորը՝ սակրավոր չէ, ունի սխալ գործելու իրավունք: Ուկրաինացի կինոռեժիսոր Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի մրցույթում: Ֆիլմը ուկրաինուհի կնոջ պատմությունն է, որը ստիպված է Իտալիա մեկնել՝ խնամակալ աշխատանքի, որպեսզի լավ ապագա ապահովի իր ընտանիքի համար: «Աշխատանքային միգրացիան միանշանակ լավ կամ վատ որակելը ճիշտ չեմ համարում: Սա պրոցես է, - ասում է կինոռեժիսորը,- այն միշտ էլ առկա է եղել ամբողջ աշխարհում: Ուղղակի քանի դեռ ապրում էինք խորհրդային «երկաթե վարագույրի» ներքո, նման խնդրի հետ չէինք առնչվում»: Տարաս Տկաչենկոյի առաջին այցն է Հայաստան ու առաջին մասնակցությունը «Ոսկե ծիրանին»: «Անսպասելի տպավորված եմ և քաղաքով, և կինոփառատոնով,- ասում է ուկրաինացի կինոռեժիսորը,- շատ բարետես և, կարևորը, խաղաղ քաղաք է: Իսկ փառատոնը, ի տարբերություն եվրոպական կայացած փառատոնների, որտեղ ամենը կանոնավորված է և դժվար է առաջ գնալ, այստեղ, որքան հասկացա, շատ դեմոկրատ հարթակ է, և համագործակցելու լայն հնարավորություններ կարող է ընձեռել»: Տարաս Տկաչենկոն կողմ է, որ ֆիլմերում ռեժիսորները արդի խնդիրներ ներկայացնեն, այլ ոչ թե պատմական ֆիլմեր նկարեն, քանի որ պատմական ֆիլմեր նկարելը, նրա համոզմամբ, փախուստի մի տեսակ է ներկայից: