Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտական վկայականի ռուսերենը արտագնա աշխատանքի համար է (տեսանյութ)

Քաղաքականություն
levon

ՀՀ բոլոր դպրոցների շրջանավարտներին ավարտական վկայական տրամադրում են հայերեն եւ ռուսերեն լեզուներով՝ հատուկ նպատակով. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Իսկ թե ինչու է ռուսերենի առկայությունն անհրաժեշտ՝ նախարարը մեկնաբանում է. «Մենք գիտենք, որ երեխաների մի զգալի մաս ավարտելուց հետո գնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սա արվում է, որ բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ատեստատի համար գումար վճարեն, ստանան ռուսերեն տարբերակը, միշտ է այդպես եղել»: Դաշնակցական նախարարն անդրադարձավ նաեւ Արագածոտնի մարզպետի պաշտոնում փոփոխություններին: Եվ նախկին, եւ ներկայից մարզպետները ՀՅԴ անդամ են: Լեւոն Մկրտչյանը նշեց, որ աշխատանքից ազատված մարզպետն անցել է այլ աշխատանքի. «Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք կամ չպահենք: Հիմա ավելի երիտասարդ կադր կա։ Մյուս մարզպետներն էլ մնալու են, աշխատելու են, մեր կուսակցության անդամ են, իրենք էլ պարզաբանել են այդ խնդիրները»: Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե  հաջորդ տարի նաև «Ծառուկյան» դաշինքն է մտնելու իշխանական կոալիցիա, իսկ ՀՅԴ հեռանալու է այնտեղից, Մկրտչյանը նշեց, որ 20 տարուց ավելի քաղաքականության մեջ է և չի կարող մեկնաբանել մի բան, որը որևէ հիմք չունի. «Կգա 2018 թվականը, կտեսնենք։ Նոր իրավիճակ կլինի քաղաքականությունում»: