Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրան»-ը վախենալու ոչինչ չունի» (տեսանյութ)

Հասարակություն
voske-ciran

2018թ. ՀՀ-ն կմիանա «Ստեղծարար Եվրոպա» մշակութային ծրագրին: «Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: ՀՀ-ն սիմվոլիկ մուտքի անդամավճար պետք է տա, սակայն կարծում եմ՝ դա բավականին մատչելի է՝ մոտավորապես 50 հազար եվրո, սակայն նրա տված արդյունքները շատ շոշափելի կլինեն ոչ միայն արվեստագետների, այլեւ հասարակ մարդկանց համար»,- այսօր հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում դեսպանն առաջին անգամն է ներկայացնում այս ծրագիրը, որի ֆինանսավորումը կազմում է 1,5 մլրդ եվրո՝ 2014-20թթ. տեղի ունեցող միջոցառումների լուսաբանման համար. «Եվրոպական մշակութային ինքնության, ինքնաճանաչման մեջ ՀՀ ներդրումը դարեր շարունակ եղել է միշտ շատ արժեքավոր: Համոզված եմ՝ ՀՀ մասնակցության շնորհիվ մենք նույնիսկ ավելի կհարստացնենք եվրոպական մշակույթը՝ շնորհիվ հայ նկարիչների, ստեղծագործողների, գրողների մասնակցության»: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արտամրցութային ծրագրից հանվեցին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին պատմող «Լսիր ինձ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը եւ «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմերը: Պյոտր Սվիտլասկին տեղյակ է այդ մասին եւ ընդգծում է՝  ԵՄ-ն «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը կարեւորում է նաեւ նրանով, որ այն ջատագով է բաց, ազատ ստեղծագործմանը: «Կարելի է ասել՝ ստեղծագործ, ինքնաարտահայտման ազատությունը ստեղծագործականության փիլիսոփայության հիմքն է: Ինքնագրաքննությունը, ցենզուրան սպանում է արվեստը: Ուստի, ուզում եմ շեշտել, որ մասնակցելով «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին՝ ՀՀ-ն նույնպես պետք է հետեւի ստեղծագործական ազատության սկզբունքներին ու դիրքորոշումներին, որոնց ջատագովն է Եվրոպան»,- նկատում է Պյոտր Սվիտալսկին: «Ոսկե ծիրան»-ը վախենալու ոչինչ չունի, հատկապես որ ոչ Մշակույթի նախարարությունից կամ երկրի ղեկավարությունից չունենք հրամաններ, որ հանենք ինչ-որ մի ֆիլմ: Հենց այդ ֆիլմերը չհանելու պատճառով դուրս եկավ արտամրցութային այդ ծրագիրը: Այսինքն՝ պետք է  հարգել ու գնահատել «Ոսկե ծիրան»-ի ամրությունն ու սկզբունքայնությունը, որ չհանեց այդ 2 ֆիլմերը խառնամբոխ ինչ-որ մի ընկերությունների եւ հասարակական ինչ-որ շարժումների դեմ»,- իր կողմից ավելացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում գործընկեր Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը հանդես կգա հռչակագրով: «Կոչ կլինի բոլոր գործընկեր երկրներին՝ հնարավորինս արագ միանալ կամ ակտիվացնել իրենց մասնակցությունը «Ստեղծարար Եվրոպա»-ին եւ դրանով իսկ նպաստել մշակութային կամուրջները հնարավորինս արագ կառուցվեն եւ օգնեն մեր համագործակցությանը, գործընկերությանը»,- նշեց Քաղաքացիական հասարակության ֆորումի համակարգող Բորիս Նավասարդյանը: «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի՝ ՀՀ մասնակցության համար Մշակույթի նախարարությունն այժմ իրականացնում է փաստաթղթային բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ արդեն կան հատուկ փորձագետներ, որոնք կօժանդակեն, կկազմակերպեն ծրագիրը: