Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

​Ի՞նչ ճանապարհ է կանխատեսում Վազգեն Մանուկյանը Եվրասիական միության համար

Քաղաքականություն
Vazgen-Manwukjan

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հարցազրույցը՝ իր պաշտոնական էջից - Պարոն Մանուկյան, օրերս Երևանում անցկացվեց «Հայաստանը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղանը, որի ընթացքում ելույթ ունեցաք նաև Դուք: Ի՞նչ գնահատական կտաք ԵԱՏՄ կազմում եղած այդ երկու տարիներին: - Դեռ երկու տարի է, ինչ Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության մեջ, դա շատ կարճ ժամանակահատված է գնահատելու, արդյունքների մասին խոսելու համար, մանավանդ որ ԵԱՏՄ-ն էլ, իբրև կառույց, դեռ կայացման փուլում է: 5-10 տարի անց էապես ուրիշ կառույց կլինի, քան այժմ: Ու երևի հենց դա էր կարևոր փաստարկը Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտք գործելու հարցում, որ մենք ոչ թե մտնում ենք մի կառույց, որտեղ խաղի բոլոր կանոններն արդեն կարգավորված են և մենք պետք է ենթարկվենք այդ կանոններին, այլ մենք դառնում ենք իրավահավասար ճարտարապետ այդ նոր շենքի կառուցման գործում: Դա գայթակղիչ է, միաժամանակ շատ կարևոր մեզ համար: - Այնուամենայնիվ այդ որոշումը Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունեցավ և կունենա: - Պետք է ասեմ, որ դա մեզ համար շատ ծանր որոշում էր և բավականին մտածելու տեղիք էր տալիս, քանի որ տասնամյակների ընթացքում մենք բացառիկ հարաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ տնտեսության, ֆինանսների և անվտանգության ոլորտներում, միաժամանակ շատ խորը հարաբերություններ՝ արևմտյան երկրների և Եվրամիության հետ, և մեզ համար շատ կարևոր էր նրանցից սովորել առաջավոր և արդյունավետ կառավարման ձևերը, մեր քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, տնտեսության մեջ նոր տեխնոլոգիաներն ու չափանիշները և այլն: Բայց այդ հավասարաչափ մոտիկությունը և՛ Ռուսաստանին ու ԱՊՀ երկրներին, և՛ արևմտյան երկրներին, մեզ համար շատ կարևոր էր, առավել ևս, որ մենք բոլոր այդ երկրներում մեծ Սփյուռք ունենք, և համագործակցությունն այդ երկրների հետ համապատասխանում էր մեր պետական, ազգային և տնտեսական շահերին: Նույնիսկ, երբ մենք նախաստորագրում էինք ասոցացման փաստաթուղթը Եվրամիության հետ, համոզված էինք, որ դա ոչ մի կերպ չի հակասի մեր համագործակցությանը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ, և այդպես էլ կար: Բայց Արևելյան Եվրոպայի որոշ երկրների քաղաքական գործիչներ հարցը դրեցին «կա՛մ, կա՛մ» սկզբունքով ու դրանով կարողացան ազդել նաև Եվրամիության դիրքորոշման վրա: Մենք այդ երկու «կամ»-ից ընտրեցինք այս «կամ»-ը՝ հաշվի առնելով 3 կարևոր հարց՝ անվտանգության հարցը, շուկայի հարցը, որովհետև Ռուսաստանի և ԵԱՏՄ մտած երկրների շուկաներն ավանդաբար մեր ապրանքների համար շատ ավելի մատչելի են, քան Եվրամիության շուկաները, և, իհարկե, Ռուսաստանում հայության գործոնը, որը շատ մեծ դեր է խաղում Հայաստանի տնտեսության հարցում, տրանսֆերտների մի զգալի մասն էլ գալիս է հենց Ռուսաստանից: Այդ ամենը հաշվի առնելով՝ մենք մտանք ԵԱՏՄ, ու պետք է գոհունակությամբ ասել, որ մեր ընտրությունը որևէ կերպ չազդեց Արևմուտքի հետ մեր հարաբերությունների վրա, քանի որ այդ բանաձևը՝ «կա՛մ, կա՛մ», կամաց-կամաց դարձավ երկրորդական: Եվ այս երկու տարվա ընթացքում, լինելով Եվրասիական տնտեսական միության կազմում, մենք բավականին խորացրել ենք մեր հարաբերությունները Եվրոպայի երկրների հետ և միասին քայլելու դեռ շատ ճանապարհ ունենք: Եվրասիական տնտեսական միություն մտնելը Հայաստանի համար որոշ ասպարեզներում բարենպաստ պայմաններ է ստեղծում, որոշ ասպարեզներում, ինչպես և սպասելի էր, դժվարություններ է առաջացնում: Կարելի է օրինակներ բերել: Բայց դրանք լուծելի հարցեր են, առջևում ճանապարհ կա: Ավելի լավ է՝ մասնագետները գնահատեն, թե ո՛ր ոլորտներում ենք ունեցել պլյուս, որ ոլորտներում՝ մինուս: Բայց կարծես թե ընդհանուր հանրագումարով (որովհետև բավականին աճել է արտահանումը) պետք է արձանագրել, որ սպասված դրական արդյունքը կա: - Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ կառույցի մեջ: ԵԱՏՄ-ն, Ձեր կարծիքով, ի՞նչ ապագա ունի:  -Այո, շատ ավելի կարևոր է, թե այս միությունը ինչ ապագա է ունենալու և ինչ է դառնալու: Այստեղ երկու մոտեցում կա: Կա՛մ հաջողվում է ստեղծել այս երկրների համար ընդհանուր տնտեսական տարածք և ընդհանուր շուկա՝ առանց քաղաքական և այլ հարցերի, ինչը բավականին դժվար, բայց օգտակար գործ է, և այդ շուկան ստեղծելը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել նաև դիրքորոշումների մոտեցման մյուս հարցերում, կա՛մ հենց սկզբից ենթադրվում է, որ սա համաշխարհային մի կառույց է, որը պետք է ազդեցություն թողնի համաշխարհային քաղաքականության վրա ոչ միայն տնտեսության, այլև ուրիշ հարցերում: Սա արդեն ավելի ամբիցիոզ խնդիր է: Առաջին տարբերակի դեպքում մենք խնդիր ենք ունենում, որովհետև, եթե միայն տնտեսության հարցերում ենք համագործակցում, ամեն երկրի բնական պրագմատիկ էգոիզմը (ինչքան հնարավոր է քիչ տալ, շատ օգտվել) անընդհատ խոչընդոտ է դառնալու միավորման հարցում, եթե չկան միավորող այլ գաղափարներ: Եվրոպան սկսեց տնտեսական համագործակցությունից, սկզբում՝ միայն ածուխի հարցում, հետո երկրների քանակն ավելացավ, բայց գոյություն ուներ ընդհանուր եվրոպական գաղափարախոսություն: Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն ապագա կունենա, եթե բացի տնտեսությունից, ունենա նաև ընդհանուր գաղափարախոսություն: Ճիշտ կլիներ, եթե ընդունվեր մի հռչակագիր, որը հաստատեր, թե ինչ արժեքների շուրջ ենք համախմբված, բայց եթե այնտեղ ինչ-որ արհեստական բաներ գրվեն, ապա ոչ մի օգուտ չի լինի: Այդ հարցերը պետք է քննարկվեն ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների հասարակություններում: Ի՞նչը ես կկարևորեի այդ հռչակագրում: Առաջին՝ պետք է հստակ ձևակերպված լինի, որ մենք ընտրում ենք կառավարման ժողովրդավարական ձևը, պաշտպանում ենք մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բայց միաժամանակ դեպի լիբերալիզմ գնում ենք ոչ թե հեղափոխական ճանապարհով, պարտադրանքով, այլ էվոլյուցիոն ճանապարհով: Երկրորդ հարցը, որ կբարձրացնեի, այն է, որ ԵԱՏՄ-ում երկրները պետք է ավելի մեծ սուվերենիտետ ունենան, քան Եվրամիության մեջ է, ինչը խնդիր է առաջացնում Եվրամիության համար: ԵԱՏՄ կազմի մեջ կարող են լինել տարբեր կրոններ ունեցող երկրներ, բայց պետք է մի ընդհանուր փիլիսոփայություն լինի, քանի որ բոլոր կրոնների մեջ էլ 90 տոկոսով համընկնող արժեքային գաղափարներ կան, և մեծ ցանկության դեպքում կրոնների ընդհանրությունից բխող փիլիսոփայություն պետք է մշակել, որը պարտադիր չէ, որ համընկնի Եվրամիության փիլիսոփայության հետ, կարող է որոշակիորեն տարբերվել, բայց հիմնական ուղղությունները, համամարդկային սկզբունքները կլինեն նույնը: Պետք է հրաժարվել երկրների ներքին գործերին միջամտելուց, իսկ Արևմուտքի հետ ոչ թե պետք է առճակատվել, այլ համագործակցել և ընդհանուր լեզու գտնել: Եվ ընդհանրապես այն միտումին, որ երբեմն հանդիպում է նաև մամուլում, թե Եվրոպան ճգնաժամի մեջ է, Եվրամիությունը փլուզվելու է, ԵԱՏՄ-ն կարող է փոխարինել նրան, ես բացարձակապես համամիտ չեմ, որովհետև Եվրոպան վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում միշտ մտնում է ճգնաժամի մեջ, բայց միշտ կարողանում է ճգնաժամը հաղթահարել ու դրանից դուրս գալ ավելի ուժեղացած: Եվրոպան առաջ է գնացել հենց նրա շնորհիվ, որ որոշումներ ընդունելու արդյունավետ մեխանիզմներ ունի: Այնպես որ այս անգամ էլ Եվրոպան ճգնաժամից դուրս կգա: Եվ ոչ թե պետք է ակնկալել, որ Եվրոպան գնում է, մենք ենք գալիս, այլ Եվրոպան մնալու է, բայց նաև մենք պիտի գանք ու կարողանանք և՛ լինել տաբեր, և՛ համագործակցել: Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք այս ճանապարհով գնալ, Եվրասիական միությունը, որ դեռ սկսնակ երեխա է և առաջին քայլերն է անում, կարող է դառնալ համաշխարհային ազդեցիկ կառույց: Առավել ևս, եթե մեծ թվով երկրներ մտնեն այդ կառույց: Եվ կարծես թե կա այն երկրների ցուցակը, որոնք ձգտում են մտնել: - Պարոն Մանուկյան, համենայն դեպս այս պահին ԵԱՏՄ կազմում գտնվող որոշ երկրներ քաղաքական և Ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից մեզ համար ոչ շահեկան դիրքորոշում ունեն: Այս առումով մեզ համար ԵԱՏՄ-ն որքանո՞վ է արդյունավետ և ինչպե՞ս պետք է հաղթահարենք այդ խնդիրը: - Կա այդպիսի խնդիր, հակասությունը կա: Բայց, վերջիվերջո, Եվրասիական միությունը չի լուծելու Ղարաբաղի հարցը: Ղարաբաղի հարցը լուծելու են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համագործակցությամբ, և երբեք այդ հարցը չպետք է դառնա քննարկման հարց Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ իսկապես այդտեղ տարբեր պատճառներով մեզ կարող են դեմ լինել: Բայց պետք է հասկանալ, որ ոչ մի երկիր չի ուզենա մտնել մի կառույց, որտեղ ռազմական հիմնախնդիր կա, հետևաբար բնական պետք է ընդունել նաև այն, որ ԵԱՏՄ մտած երկրները պետք է ձգտեն հնարավորինս արագ այդ խնդրից ազատվել: Որոշ երկրների համար միգուցե խնդրից ազատվելն այն է, որ Ղարաբաղը մի կողմ գցեն, բայց դա իրենց գործը չի, նրանք չպիտի այդ հարցը լուծեն: Այսինքն՝ ԵԱՏՄ-ն ևս մի նպաստավոր հանգամանք է, որ Ղարաբաղյան խնդիրը հնարավորինս արագ կարգավորվի: Զրուցեց՝ Անի Գասպարյանը