«Փորձում են այնպես անել, որ դատերը չհանրայնացվեն» (տեսանյութ)
Սասնա ծռերի դատավարությունը փոխել է «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից Փայլակ Թեւանյանի կյանքի ռիթմը: «Պետք է թույլտվություն վերցնեմ, որ քաղաքից բացակայեմ: Մի քիչ կոմֆորտ չէ, հասուն մարդ եմ՝ 22 տարեկան տղամարդ եմ, պետք է զանգեմ դիմում գրեմ, կամ թույլտվություն վերցնեմ, որ ուզում եմ գնալ Սեւան կամ Դիլիջան հանգստանալու»,- «Ա1+»-ին ասաց նա: Փայլակ Թեւանյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 28-ին Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կարգադրիչին հարվածելու մեջ. «Հենց այդ ուղղությամբ մտածում եմ, սկսում եմ ծիծաղել: Շատ խնդալու է այդ ամեն ինչը: Ինձ համար երկրորդական կլիներ հարվածեի ինչ -որ կարգադրիչի, Ճ կարգի իշխանության գործիքի եւ դրա համար նստեի: Եթե պետք է ինչ -որ մեկին հարվածեի, գնայի նստեի, մի քիչ ավելի բարձր կալիբրի մեկին կհարվածեի»: Հունիսի 28-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները դատարանում բռնության էին ենթարկվել: Փայլակ Թեւանյանի խոսքերով՝ փոխանակ ոստիկաններին մեղադրանք առաջադրեին, իրեն են առաջադրում: «Փորձում են այնպես անել, որ դատերը չհանրայնացվեն: Հանրությունը հնարավորինս քիչ ինֆորմացիա ունենա դատերի ընթացքից, քանի որ դատերի ընթացքում տղաները կարող են այնպիսի բաներ ասել,որոնք պետք չէ, որ ժողովուրդը լսի»,- ավելացնում է նա: Փայլակ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու ստորագրությունը։ Ի դեպ, «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցը ենթադրել է, որ իրեն կկալանավորեն։ «Իմ ընկերները, ում հետ շփվում եմ, բոլորի վրա քրեական գործ կա հարուցված, մենակ ես էի, որ գործ չկար հարուցված: Ոչ մի լծակ չկար ճնշելու: Հիմա եթե ես որոշեմ ինչ- որ ակցիա անեմ, իրենք ունեն գործիք, որի միջոցով ինձ կփորձեն ճնշել, բայց չի ստացվի»: Փայլակ Թեւանյանին առաջադրված մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով։