Անբարեխիղճ կազմակերպիչների դեմ նախարարությունը չի կարող պայքարել

Առաջիկա տարիներին  մշակութային արտադրանքի եւ ծառայությունների որակը  պետք է բարձրացնել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ ներկայացնելով  կառավարության նոր ծրագրի շրջանակում մշակույթի ոլորտում սպասվող բարեփոխումները:

Մշակույթի ոլորտում  կոմերցիոն  բաղադրիչը պետք է ակտիվանա, մշակույթի վայրերում պետք է լինեն սրճարաններ, հուշանվերների վաճառքի կետեր. «Հարակից ծառայություններ ստեղծելով՝ մենք մեր մշակույթն  ավելի մատչելի ենք դարձնում, ինչը կապահովի զբոսաշրջիկների հոսք, իսկ նոր հոսքերը  նշանակում են նոր միջոցներ, եւ այդ միջոցները ներդրվելու են մշակույթի զարգացման համար»:

Ստանիսլավսկու անվան թատրոնում շուտով կբացվի մեծ գրախանութ եւ ժամանցի կենտրոն: Ծրագիրն արդեն պատրաստ է, մասնավորը  80 մլն դրամ է ներդրել: Ապագայում կգործի նաեւ էլեկտրոնային տոմսերի վաՃառքի համակարգը, որը թույլ կտա սահմանափակել կոռուպցիոն ռիսկերը եւ կապահովի տեղեկատվական լուրջ հոսքեր հաճախորդների համար, հասանելի կլինի նաեւ ծրագրի հեռախոսային հավելվածը:

Ըստ փոխնախարարի հասունացել է այն պահը, որ Հայաստանը ունենա կինոյի մասին օրենք: Հայաստանում ներդրվելու է կինոյի հանձնակատարի ինստիտուտը. «Եթե կինոարտադրողը ցանկություն ունենա ֆիլմ  նկարել, ապա պետությունը նրան  կաջակցի՝ տրամադրելով տեխնիկա եւ այլ անհրաժեշտ  օգնություն, եւ ամենակարեւորը, օտարերկրյա կինոներդրողը իր ծախսած գումարի 20 տոկոսը  հետ կստանա»:

Հարցին, թե ինչ լծակներ ունի մշակույթի նախարարությունը՝ պայքարելու այն կազմակերպությունների գործունեության դեմ, որոնց մեղքով  չեղարկվում են համերգներ, եւ տոմսի  գինը չի վերադարձվում ապառողին, Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ Մշակույթի նախարարությունը մշակութային գործունեություն իրականացնող  ոչ պետական կազմակերպությունների մասով  ոչ մի լիազորություն չունի. «Դեպքերն իսկապես շատ են, սա քրեական հանցագործություն է,  դուք ձեր իրավունքները պաշտպանեք դատական համակարգում: Առաջիկայում չենք նախատեսում դաշտը վերահսկող  օրենք ստեղծել, ավելին՝ մենք հիմա փորձում ենք ավելի շատ խրախուսել կազմակերպություններին այդ գործով զբաղվել: Եթե մենք փորձենք օրենքով կարգավորել, կստացվի, որ այնպիսի պայմաններ կդնենք, որ Հայաստանում ոչ մի կազմակերպություն չկարողանա այդ գործով զբաղվել»: