Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կալանավորված որոշ պաշտոնյաների հետ նույնպես տեսակցությունն արգելված է» (տեսանյութ)

Քաղաքականություն
65GLvz2ICkc

ԱԺ արտահերթ նիստին ՀՀ դատախազության՝ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը ՀՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում նախ ներողություն հայցեց՝ ասելով, որ երկրում չէր ու քննարկմանը ներկա չի եղել, սակայն ամբողջությամբ հետեւել է ընթացքին. «Դատախազի հաղորդման կեսը եղել է իմ պաշտոնավարման ընթացքում, դրա համար ես չէի կարող անտեսել»: Նա նշեց, որ մինչ օրս Դատախազությունն ունեցել է պատժիչ դերակատարում. «Սակայն ինչպես Գլխավոր դատախազը հայտարարեց՝ այն պետք է դառնա  իրավապաշտպան մարմին՝ ցանկացած մեղադրյալ գործը վերահսկող դատախազի նկատմամբ  այնքան վստահություն պետք է ունենա, որ անգամ փաստաբանի կարիք չունենա»: Նրա վստահեցմամբ՝ իրենց խմբակցությունն ավելի մեծ պահանջատիրական տեսանկյունից է մոտենում արդարության, օրինականության հաստատման տեսանկյունից. «Մենք ավելի պահանջատեր ենք գլխավոր դատախազի նկատմամբ»: Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ իրապես հետեւություններ կանեն իրական սրտացավ մտահոգություններից. «Ցանկացած ձեւաչափերով պատրաստ ենք քննարկումներ անցկացնել»: Նա մեկ առ մեկ անդրադարձավ այն բոլոր դիտողություններին, որոնք պատգամավորներն իրենց ելույթներում նշել էին՝ առաջին հերթին խոսելով հաց բերող Արթուր Սարգսյանի կալանավորման ու նրա մահվան հանգամանքների մասին. «Կոռեկտ չեմ համարում նրա մահվան շահարկումը, իսկ օրենքի շրջանակներում թույլատրելի է նրա մահվան հանգամանքները քննարկելը: Արթուր Սարգսյանի կալանքն առաջին անգամ վերացել է ոչ թե միջգերատեսչական հանձնաժողովի որոշման, այլ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա: Հավակնությունը նվազ էր, որ նա պատշաճ վարքագիծ չէր դրսեւորի: Ապա՝ եղավ նորից փորձաքննություն, ըստ որի՝ նրա մոտ հայտնաբերված հիվանդությունները լիարժեքորեն չէին համապատասխանում Կառավարության հաստատած ցանկի հետ: Բնականաբար, վարույթ իրականացնող մարմինը նշանակեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Այս փորձաքննությունները, չէ, որ հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանի՝ 2-րդ անգամ կալանավորելու համար, երբ նրա խափանման միջոցը նշանակվեց ստորագրություն՝ հանրապետությունից չբացակայելու մասին: Արթուր Սարգսյանը խախտել էր խափանման միջոցի կիրառման պայմանները՝ չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին: Նաեւ՝ տվյալներ էինք ստացել, որ նրա կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության մասին»: Գլխավոր դատախազը հայտարարեց, որ բացի Ելք խմբակցության պատգամավորներից, խափանման միջոցի փոփոխման անձնական երաշխիք էին ներկայացրել նաեւ ԱԺ 5 խմբակցությունից 27 պատգամավոր: Այնուհետեւ, նա սկսեց թվարկել այն պաշտոնյաների ցանկը, որոնք այժմ կալանքի տակ են ու արգելված է նրանց հետ տեսակցությունը. «Լոռու, Արարատի մարզերի, Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, Հրազդան ՔԿՀ անվտանգության բաժնի ներկայացուցիչներ, Բավրայի մաքսակետի պետ, Աշտարակի հարկային տեսուչ եւ այլն»: Ինչ վերաբերում է լրագրողների մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, ապա Արթուր Դավթյանը նախ հայտարարեց, որ կարեւորում են լրագրողի աշխատանքը, ապա՝ նշեց, որ 2016թ. ընթացքում 8 քաղաքացի, 4 ոստիկան են դատապարտվել՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար. «Սա վկայում է այն մասին, որ մենք օրենքը ընտրողաբար չենք կիրառում: Ինչ վերաբերում է մեր համակարգում կոռուպցիային, ապա մենք անզիջում ու վճռական պատերազմ ենք հայտարարել կոռուպցիայի դեմ: Ոչ մեկին թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը»: