Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՞րբ, Տերյան 3 հասցեի բնակիչները կասկածում են. բողոք՝ քաղաքապետին

Հասարակություն
Taron_Anahit_Baxshyan

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը Տերյան 3 հասցեի բնակիչների բողոքի մասին այսօր հարցում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Հարգելի պարոն Մարգարյան,   Սոցիալական ցանցում Երևանի Տերյան 3, 3ա հասցեների բնակիչների կողմից բողոքի  մեծ  ալիք է  բարձրացել    իրենց բակում  ընթացող   շինարարության հետ կապված: Հենց երեկ  էլ  ՀՀ Սահմանադրության օրն էր, Հանրապետության Նախագահը շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին ու վստահեցրեց, որ  «Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն»: Թե ե՞րբ ենք ունենալու, չգիտեմ, որովհետև այսօր   հենց Տերյան փողոցի այս բնակիչների բողոքը  փաստում է, որ  անհայտ է այդ ժամանակը, բայց  Ստիպված եմ հիշեցնել   ՀՀ  Սահմանադրության  179-րդ հոդվածը. Հոդված 179.    Տեղական ինքնակառավարման իրավունքը 1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: Երևանի ավագանին էլ 24.04.2014-ին ընդունեց «ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» N 154-Ն որոշումը, որի 2-րդ կետի համաձայն. «2. Սույն կարգի իրականացման նպատակն է համայնքի բնակիչների համար համայնքի կառավարմանը, համայնքի քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում մասնակցելու հնարավորության, ինչպես նաև հանրային տեղեկատվության լիակատար մատչելիության, համայնքի տարածքում գործող կանոնների և պարտականությունների իմացության ապահովումն է:»  Այս կարգով ենթադրվում էր, որ Սահմանադրության պահանջով ցանկացած համայնքում նաև Երևանում, քաղաքացիները տեղեկացված ու մասնակից լինեին իրենց վերաբերվող ցանկացած որոշման կայացմանը՝ ընդհուպ տեղական հանրաքվեի միջոցով: Սակայն որպես փաստաթուղթ այն դեռևս ուղղակի բառերի հավաքածու է ու չի գործում: Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ մի առավոտ, ինչպես օրինակ Թոթովենցի 3  կամ  Տերյան 3, 3ա  բակի  բնակիչները տեսնում են իրենց բակի ծառերը կտրտված կամ բակի մեջ աշխատող հսկայական քանդող մեխանիզմ ու ավերածություններ: Այդ բնակիչներն իրավացիորեն բողոքում են այն  մասին, որ գործընթացին իրազեկված չեն եղել, եթե լինեին, ապա թույլ չէին տա ու բակի բարեկարգում կպահանջեին քաղաքապետարանից, որն իր հերթին կիրազեկեր բնակիչների պարտականությունների մասին ու համագործակցությունը կստացվի: Բնակիչները պնդում են նաև, որ  կառուցապատողը շինթույլտվություն չունի:  Ստիպված  եմ հիշեցնել նաև «Քաղաքաշինության մասին  ՀՀ» օրենքի 6-րդ գլխի մասին՝ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ», որի  12, 13  և 14-րդ հոդվածներում մանրամասն նկարագրված են Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները, Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքներն ու Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը: Արձանագրենք, որ շատ-շատ փաստեր ունենք, երբ Երևանում քաղաքաշինության  ոլորտում  ոչ ՀՀ Սահմանադրությունն է գործում, ո՛չ՝ վերոնշյալ օրենքը, ո՛չ էլ Երևանի ավագանու համապատասխան որոշումը: Տերյան  փողոցի  3, 3ա  հասցեի բնակիչները  պահանջում են հանդիպում Ձեզ հետ: Խնդրում եմ տրամադրել այդ տարածքում հողի սեփականության օրինականացման գործընթացի և շինթույլտվության հետ կապված բոլոր փաստաթղթերը, ո՞վ և ե՞րբ է գնել այդ տարածքն ու ի՞նչ նպատակով: Շնորհակալություն համագործակցության համար:   Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Ելք  խմբակցության անդամ