Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ հաղորդումների` ոստիկանության աշխատակիցները խոշտանգել են քաղաքացիներին

Պաշտոնական
a2c854633253ec6e19c9a211d299b519

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, ամբաստանյալ Ս. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 01.04.2014թ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ նույն բաժնի երեք ոստիկաններ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով ցուցմունք տալ այն մասին, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է ընկերների հետ: Հաջորդ օրը նույն ոստիկանները ձերբակալվածների պահման վայրի խցում դարձյալ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց: Ս. Գ.-ին խոշտանգելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ  է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգման, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում ամուսիններ Ն. Ե.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Ա. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 01.06.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության  աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Բացի այդ, նույն բաժին բերման ենթարկված իր կնոջ` Ն. Ե.-ի ներկայությամբ, հայհոյանքներ են տվել և նվաստացրել արժանապատվությունը: Ն. Ե.-ն էլ, իր հերթին, հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը, ցուցմունք կորզելու նպատակով, ոստիկանության Շենգավիթի բաժնի 4-5 աշխատակիցներ իրեն նույնպես ծեծի են ենթարկել և վիրավորել արժանապատվությունը, որի հետևանքով ձերբակալվածների պահման վայրում փորձել է ինքնասպան լինել: Հատուկ քննչական ծառայությունում խոշտանգման փաստով մյուս քրեական գործը հարուցվել է անչափահաս Ա. Հ.-ի և նրա մոր հաղորդումների հիման վրա: Ա. Հ.-ն հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն և եղբորը շուրջ 12 ժամ պահել են բաժնում: Այդ ընթացքում ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն ու եղբորը` պահանջելով խոստովանել իրենց կողմից չկատարված գողությունները: Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309.1-րդ հոդվածի 2–րդ մասի 4-րդ կետով: Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: