Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Բարսեղյանը զգուշանում է, իսկ Դեյան Վուկիչեւիչը՝ ոչ

Սպորտ
sport-gandzasar

«Մենք առաջին հերթին պետք է մտածենք գոլ չընդունելու մասին: Մենք չպետք է ավելորդ շտապենք, առաջ նետվենք, քանի որ մրցակիցը շատ արագ հակագրոհներ է կազմակերպում, ինչպես դա արեց առաջին խաղում: Ես դրան չէի սպասում: Չեռնոգորցիները բացի այդ «կեղտոտ» ֆուտբոլ էին խաղում, ցանկանում էին շարքից դուրս բերել մեր առաջատար հարձակվող Մուսային: Սակայն ոչինչ կորսված չէ: Մենք լավ հնարավորություն ունենք մտնելու հաջորդ փուլ, քանի որ չենք պարտվել 0:2 կամ 0:3 հաշվով», - ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Գանձասար-Կապան» - «Մլադոստ» պատասխան խաղից առաջ հայտարարել է մեր թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ վեց օր առաջ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում տանտերերը հաղթանակ էին տարել 1:0 հաշվով: Աշոտ Բարսեղյանին մտահոգում է միայն այն, որ գոլ բաց թողնելուց հետո իր սաների մոտ անվստահություն է նկատվել: «Մեր ֆուտբոլիստները լիովին պատրաստ են այս խաղին, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: Վստահեցնում եմ, որ մենք պայքարելու ենք մինչեւ վերջին րոպեն, ինչպես էլ որ ընթանա խաղը», - եզրակացրեց կապանցիների գլխավոր մարզիչը: Չեռնոգորիայի «Մլադոստի» գլխավոր մարզիչ Դեյան Վուկիչեւիչը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: «Վիճակահանությունից հետո մտածում էինք, որ մեզ համեմատաբար հեշտ մրցակից է բաժին ընկել, բայց առաջին խաղից հետո հասկացանք, որ դա այնքան էլ այդպես չէ: Մենք թեեւ առավելություն ունենք առաջին խաղից հետո, սակայն դա չի նշանակում, որ Երեւանում հետ ենք քաշվելու: Կձգտենք եւս մեկ գոլ խփել, որպեսզի հեշտացնենք հաջորդ փուլ մտնելու մեր գործը», - ասել է 48-ամյա չեռնոգորցի մասնագետը: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Գանձասար-Կապան» - «Մլադոստ» պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: Բուքմեյքերական գրասենյակներն այս խաղում փոքր առավելություն են տալիս  «Ալաշկերտին»՝ 2,74 գործակից հաղթանակի համար, «Մլադոստի» 2,86-ի դիմաց: