Դատավորը փաստաբանական գաղտնիք է հրապարակել. պաշտպան (տեսանյութ)
Սասնա ծռերի 18 անդամների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպաններից Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստում բռնություն է գործադրվել ամբաստանյալների նկատմամբ, սակայն դատավորը բռնության այդ ձայները չի լսել։ Լուսինե Սահակյանի միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները, փաստաբաններից Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ դատավորը փաստաբանական գաղտնիք է հրապարակել, քանի որ նա իրավունք չուներ ամբաստանյալի կողմից իր պաշտպանին տրված գրությունը հանրայնացնել։ Նա միաժամանակ նշեց, որ դատավորը խորհրդակցական սենյակ չի գնացել պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմումը փաստաբանների պալատ ուղարկելու համար։ Պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ ավելացրեց, որ դատավորը միշտ ասում է, որ պաշտպանները պետք է խոսեն վերջում, եւ այսօր հույս ունի, որ դատավորի վերջին նիստն է լինելու։ Պաշտպանները դատարանի ներկայացրին նաև տեսասկավառակ, որտեղ ներառված էր այն տեսագրությունը, ըստ որի՝ մեղադրողները մտել են այն դռնով, որով անցնում է դատավորը։ Գրիշա Բալասանյանը նշեց, որ սա եւս մեկ ինքնաբացարկի հիմք է։ Միջնորդությունը ներկայացնելուց հետո փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը լքեցին նիստերի դահլիճը՝ նշելով, որ առանց իրենց պաշտպանյալների իրավունք չունեն մասնակցել նիստին։ Նախորդ դատական նիստին դատավորը 18 ամբաստանյալներից 15-ին հեռացրել էր նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու՝ ոտքի չկանգնելու համար։ Այսօր դատական նիստին մասնակցում էր միայն 3 ամբաստանյալ։ Նրանց էլ դատավորը թույլ է տվել ոտքի չկանգնել, քանի որ առողջական խնդիրներ ունեն։ Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։