Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանը գլխապտույտ ունի, դանդաղ է խոսում. պաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
khandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը  ծայրահեղ ծանր է:   Հայտարարում է պաշտպանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո։ «Գլխապտույտներ ուներ, ահավոր գլխացավեր, աչքերի բիբերը վերեւ էր եւ խոսակցականը դանդաղ էր»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի նկուղում «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների՝ այդ թվում Արայիկ Խանդոյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն էր գործադրվել:   «Հարվածներ է հասցվել գլխի շրջանում, գլուխը շոշափեցի ուռած տեղեր կային, թեեւ  ՔԿՀ-ն նշում է, որ արտաքին զննություն են իրականացրել: Այո,  արտաքին զննությամբ երեւում  է միայն իմ պաշտպանյալի մարմնի վրա առկա վնասվածքները, բայց  ներքին զննություն չի իրականացվել»:   Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ պետին՝  քաղաքացիական հիվանդանոցում Արայիկ Խանդոյանի գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա անցկացնելու վերաբերյալ՝ պարզելու, թե գլխացավերն ինչի հետեւանքով են: Հատուկ քննչական ծառայությունում երեկ հարուցվել է քրեական գործ  պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով։  Պաշտպանի կարծիքով՝  գործն այլ հոդվածով պետք է հարուցվեր «Մեր Քրեական օրենսգրքում կա նման հոդված խոշտանգում: Ծեծի հետեւանքով իմ պաշտպանյալը թե հոգեբանական, թե  ֆիզիկական ցավերի մեջ է գտնվում»,- ավելացրեց պաշտպանը:  Արա Ղարագյոզյանը Գլխավոր դատախազից խնդրել էր գործը չուղարկել ՀՔԾ, քանի որ «Սասնա ծռեր»-ի գործով նախաքննությունը նրանք են իրականացրել: «Իրականացրել է ապօրինի քրեական հետապնդում՝ մի շարք քրեական նորմի խախտումներով եւ հիմա այդ անձինք պետք է իրականացնեն բռնության գործով նախաքննությունը, որն անթույլատրելի է: Արդյունավետ քննություն ՀՔԾ-ից մենք չենք ակնկալում»: Ոստիկանությունը  հայտարարում է, որ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել  ֆիզիկական ուժ՝ անհնազանդությունը խափանելու նպատակով։  Դատական նիստերի դահլիճից դուրս բերվելուց հետո, նրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել վերջիններիս:  Ոստիկանությունը չի բացառել, որ առաջնային  քերծվածքներ լինեն ոստիկանության կիրառած ուժի արդյունքում, բայց  նաեւ այլ վարկած է ներկայացրել։ Ամբաստանյալներից ոմանք էլ  իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով, եւ հնարավոր է այդ ժամանակ ստացած լինեն վնասվածքները: «Ոստիկանության նման հայտարարությունը նրանք որակեցին հերյուրանք: Եթե վերցնենք  իմ պաշտպանյալը եւ մյուսները ձեռքերով եւ ոտքերով դիմացով հարվածել են պատին եւ դռանը ո՞նց է լինում, որ իմ պաշտպանյալը ոտքի հետեւի մասում է վնասվածք ստանում, դա ծիծաղելի է: Իմ պաշտպանյալի աչքը կարմրած էր, ի՞նչ է նա գլխով վնասվածքներ է հասցրել դռանը»,-  ավելացնում է պաշտպան Արա Ղարագյոզյանը: ՄԻՊ ներկայացուցիչները  միջադեպից հետո այցելել էին կալանավորվածներին եւ արձանագրել նրանց վնասվածքները:  Ձեռք բերված բոլոր տվյալները ՄԻՊ գրասենյակը   սահմանված կարգով ամփոփել է եւ  ուղարկվել  է  ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով: