Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կպարզեն՝ ով է կանգնած Սևանի ջրառի որոշման մեջքին (տեսանյութ)

Քաղաքականություն
0ntIGn7Xg6c

 «Սևանը վտանգված է». հայտարարում են Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի դուրս եկած բնապահպանները։ Այսօր խորհրդարանը քննարկում էր Սևանից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ կատարելու մասին օրենքի նախագիծը։  «Անընդհատ ասում էին գյուղացուն տալիս են ջուր ոռոգման համար։ Օրենքի նախագծի մեջ կես բառ չի գրված ոռոգման մասին։ Հստակ գրված է, որ այդ ջուրը տրվում է Հրազդան ՋԵԿ-ի ՀԵԿ-երին, որ լրացուցիչ էներգիա արտադրվի»,- ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը։ Ջրառի հարցը քննարկվել է նաև երեկ ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական  հանձնաժողովի նիստի ժամանակ։ Քննարկման մասնակիցները միանշանակ պնդել են՝ ներկայացված նախագիծը թերի է։ Բայց այնուամենայնիվ, դեմ են եղել 8 հոգանոց հանձնաժողովից 2՝ ԵԼՔ և ՀՅԴ-ի անդամներ։ Նազելի Վարդանյանը, ով ներկա է եղել այդ հանդիպմանը, ասում է. «Դաշնակցությունն ու ԵԼՔ-ը դեմ քվեարկեցին, զարմանալի ա, որ Ծառուկյան դաշինքը կողմ է քվեարկում, չնայած հանձնաժողովի անդամ էր ծովագյուղցի պատգամավոր, որն ամեն ինչ ասեց, որ Սևանը կործանում ենք այս օրենքի ընդունումով, բայց հետո կողմ քվեարկեց»։ Եթե անգամ Սևանի ջուրը ոռոգման նպատակին ծառայի, ըստ բնապահպանների, դա ևս վտանգավոր հետևանքներ է ենթադրում։ 2016-ին Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ը հետազոտել է ջրի բաղադրությունն ու պարզել՝ այն ոչ ոռոգելի է։  «Սելենի, վանադիումի, մագնեզիումի պարունակությունը գերազանցում է նորման 1.2-ից մինչև 8 անգամ։ Եվ դա նշանակում է, որ այդ ջուրը ոռոգման համար ընդհանրապես պիտանի չի։ Մենք ասում ենք՝ գյուղացուն օգուտ ենք տալիս, բայց գյուղացու հողն ընդհանրապես ոչնչացնում ենք, որովհետև եթե մագնեզիումով ջրով հողը ջրեն, դա բերում է աղակալման»։ Ըստ օրենքի՝ նախատեսված է Սևանից ջուր վերցնել 170 մլն խորանարդ մետրի չափով։ Եթե 100 միլիոն խորանարդ մետր ջրառի նախագծին հավանություն տրվի, այս տարի ջրառը կհասնի 270 միլիոն խորանարդ մետրի։ Այս մասին անգամ Բնապահպանության նախարարությունն է փաստել՝ նախագծին բացասական եզրակացություն տալով։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշում է.  «Այնտեղ հստակ գրված է, որ այս ներկայացված նախագիծը հակասում է օրենսդրական ակտերին։ Կառավարությունը հաշվի չի նստել այս կարծիքի հետ, և վերցրել է Սևանի հանձնաժողովի կարծիքը, որն այդքան իրավական ուժ չունի, քանի որ խորհրդատվական մարմին է»։ Եթե Ազգային ժողովը ահազանգն անտեսի, ու որոշի դրական որոշում ընդունել, բնապահպանները հակաքայլ են որոշել։ Ինգա Զարաֆյանն ասում է.  «Մենք կփորձենք հասկանալ, ով է կոնկրետ կանգնած և ինչ փողեր է կանգնած այս որոշման մեջքին»։  Բնապահպան Լևոն Գալստյանն ասում է. «Եթե այդ պլանն իրագործվի, դա կլինի հանցագործություն և մենք մեր հետագա սերունդների անեծքին կարժանանանք, ոնց որ հիմա անիծում ենք էն մարդկանց, ովքեր 1931 թվականին որոշեցին Սևանի մակարդակը իջեցնել»։ Սևանից ջուր վերցնելու դեմ պայքարում են ոչ միայն Երևանում։ Անցնող օրերին բողոքի ակցիաներ են անցկացվել Սևան քաղաքում,  Ծովագյուղ և Գեղարքունիք համայնքներում։