Երեխաների նկատմամբ սեռական բռնության հեղինակը 12 տարի ազատության մեջ է (տեսանյութ)

Նանա Մանուչարյանը 14 տարեկանում դարձել է սեռական բռնության զոհ։ Նա այն բացառիկներից է, ով չի ամաչում բարձրաձայնել դրա մասին։ Նանան իր պատմությունը ներկայացրել է իրապատման տեսքով։

«14 տարեկանում հանդիպել եմ մի մարդու, որն ինձ հետ ընկերացել է, հետո այդ ամեն ինչը ընթացել է մեկ այլ ձևով։ Հետո երբ 20-21 տարեկան էի, ես այդ մարդու համակարգչում գտա տարբեր բնույթի լուսանկարներ՝ պոռնոգրաֆիկ և էրոտիկ, որտեղ կային անչափահաս երեխաներ»,- ասում է Նանան։

Այս դեպքից հետո Նանան կասկածել է՝ արդյո՞ք ինքը տվյալ անձի միակ զոհն է, թե՞ էլի իր նման տուժած երեխաներ կան։ Քանի որ բռնարարը դասավանդող է, Նանան զրուցել է նրան առնչվող երեխաների հետ.

«Ես գտա մոտավորապես 10 երեխա, ովքեր որ մի մասը կցկտուր, մի մասը՝ որոշ ժամանակ հետո, մանրամասն պատմեցին, թե ինչ է արել նրանց հետ այդ մարդը»։

Դեպքից 8 տարի անց Նանան և ևս երկու տուժողներ դիմել են ոստիկանություն՝ տալով հանցագործության մասին հաղորդում։ Բայց իրավապահները մատը մատին չեն տվել՝ ներկայացված փաստերն ստուգելու համար։ Ասել են՝ դեպքը եղել է վաղուց և հնարավոր չէ դրա եղելությունն ապացուցել։

«Մեզ ասեցին, որ այն ամենը ինչ պատմում ենք, հին է, ինչ մեզ հետ եղել է՝ եղել է 2005 թվականին և մենք պետք է գնանք ու նոր վկաներ գտնենք, թարմ դեպք բերենք, այդ դեպքում գործը կհարուցվի։ Չեն վերծանվել նրա հեռախոսազանգերը, չեն եղել հոգեբաններ, այդ մարդը չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության, մենք ենք ուղարկվել դատաբժշկական փորձաքննության»,- պատմում է Նանա Մանուչարյանը։

Քրեական գործ հարուցվել է 2015-ին, երբ գործին ՄԻՊ գրասենյակն է խառնվել։ Բայց այդպես էլ բռնարարը չձերբակալվեց։ Դա նաև այն պատճառով է, որ Հայաստանը չունի բռնության կանխարգելման օրենսդրություն։

«Քննչական կոմիտեն ձևավորվելուց հետո հսկայական աշխատանք է արվում, որ փոփոխություն տեղի ունենա, բայց դա քիչ է նաև «Սեռական շահագործումից և սեռական բռնությւոնից երեխային պահպանելու մասին» կոնվենցիայի չվավերացման պարագայում»,- ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

2015-ին երեխաների նկատմամբ սեռական բռնության 75 դեպք է արձանագրվել, 2016-ին դեպքերի բացահայտումները կտրուկ աճել են՝ հասնելով 115-ի։ Բայց սա էլ ամբողջ պատկերը չէ։ Հասարակության մեղադրական վերաբերմունքը զոհերի նկատմամբ՝ պատմությւոնները թաքցնելու պատճառ է դառնում։

 «Հասարակությւոնը զգայուն չէ նմանատիպ խնդիրներին, միանգամից պիտակավորվում է կինը կամ երեխան, կամ միանգամից կարողանում են բացեր նկատել ընտանիքի ներսում»,- ասում է իրավապաշտպանը։

Օբյեկիվ պատճառներով՝ ծնողը չի կարող անընդմեջ հետևել երեխային, ինչը հաճախ ջուր է լցնում բռնարարների ջրաղացին։ Նման դեպքերում հույսը երեխաների ինքնագիտակցականի բարձրացումն է։

 «Երեխային պետք է սովորեցնել, որ հարգանքը մեծի նկատմամբ և ենթարկվելը մեծի նկատմամբ՝ դրանք տարբեր բաներ են։ Եվ իր մարմնի հետ որևէ մեկն իրավունք չունի կատարել որևէ գործողությւոն, որն իր կամքից դուրս է»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Ըստ Երեխայի պաշտպանության ինդեքսի՝ Հայաստանում երեխաներին պաշտպանելու համար կան անհրաժեշտ պետական բոլոր կառույցները, բայց երբ գնահատվում է նրանց աշխատանքը, մեր երկիրն ստանում է 0 միավոր։