«Ես ծառայել եմ»՝ պարզաբանում է Սերգո Կարապետյանի որդին (տեսանյութ)
Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն անցել է պարտադիր զինվորական ծառայությունը. «1996-98թթ. ծառայել եմ սահմանապահ զորքերում: Այդ մասին է վկայում իմ զինգրքույկը»:
Factor.am լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՊՆ հրապարակել է 48 պաշտոնյայի որդիների՝ զինվորական ծառայության մասին տվյալներ: Գյուղատնտեսության նախկին նախարարի, ինչպես նաեւ՝ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի մասին ՊՆ ներկայացրած պատասխանում զինվորական հաշվառման վերաբերյալ տվյալներ չկան։
Մեզ հետ զրույցում Վաչագան Կարապետյանն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահի՝ մեկնաբանելու ՊՆ տեղեկատվությունը՝ ավելացնելով. «Միգուցե ես ծառայել եմ ռուսական սահմանապահ զորքերում, դրա համար միգուցե իրենց մոտ չկա ինֆորմացիա, սակայն ես հաշվառված եմ Արտաշատի զինկոմիսարիատում: Եղել եմ ժամկետային զինծառայող: Ծառայել եմ Հոկտեմբերյանում»:
Վաչագան Կարապետյանը նաեւ նշեց, որ կդիմի Արտաշատի զինոկմիսարիատ՝ խնդիրը հստակեցնելու համար: