Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաղափարներիդ իրագործման համար պետք է նախաձեռնող դառնաս. Գոհար Մնացականյան

Մշակույթ
Gohar1

Երբ սկսում ես զբաղվել բիզնես նախագծերի իրականացմամբ, միգուցե զուտ արվեստագետը քո մեջ մղվում է երկրորդ պլան, սակայն եթե ընտրությունդ կատարել ես, պարտավոր ես լինել գործունյա, նախաձեռնող, համառ: Սա է նպատակի իրականացման հաջողության գրավականը: Առայժմ նկարչությունը ինձ համար թերապիայի նման է՝ հանգստացնում, խաղաղեցնում է ինձ: Սակայն, երբ իմ մշակութային բիզնես նպատակները, ինչի որ ձգտում եմ, իրականանան, այն ժամանակ կարծում եմ իմ մեջ կարթնանա նկարիչը: Գոհար Մնացականյան: Մասնագիտությամբ նկարիչ-մանկավարժ: Ապրում է Սևանում: «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: «Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, երբ կանգնում ես ընտրության շեմին՝ այն է, վերադառնալ քո հարազատ փոքրիկ քաղաք, որտեղ լավագույն դեպքում կարող ես մանկավարժությամբ զբաղվել, թե մնալ մայրաքաղաքում, որտեղ հնարավորությունները առավել են, սակայն կտրված ես քո հարազատ միջավայրից և ընտրությունը կատարում ես հօգուտ քո ծննդավայրի, հասկանում ես, որ ներուժդ լիակատար օգտագործելու, գաղափարներիդ իրագործման համար պետք է ինքդ նախաձեռնող դառնաս»,-ասում է երիտասարդ նկարիչ Գոհար Մնացականյանը: goh Երեք ընկերուհիներով հիմնադրեցին «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը: Հիմնական նպատակն էր համախմբել այն երիտասարդներին, որոնք, Գոհարի խոսքով, ունեին մոտիվացիա և պատրաստ էին աշխատել անվճար հիմունքներով՝ հանուն այն գաղափարի, որն իրենց ծննդավայրի, իրենց քաղաքի համար օգտակար կլիներ։ «Շատերն էին համոզված, որ անվճար հիմունքներով, միայն էնտուզիազմի վրա երկար ճանապարհ չենք անցնի,- ասում է Գոհարը,- Սակայն կազմակերպությունը, որի նախագահը հիմա ես եմ, գործում է արդեն ութերորդ տարին»: Սկսեցին փոքր նախագծերից՝ բնապահպանական, կրթական, սոցիալական փոքր միջոցառումներ, նաև համերգներ, ցուցահանդեսներ կազմակերպեցին: Հետո որոշեցին շեշտը հենց մշակութային ոլորտի վրա դնել: «Սոցիալական հարցերով զբաղվող կազմակերպությունները, կառույցները ավելի շատ են, քանի որ խնդիրներն էլ ակնառու են, սակայն «հոգևոր սնունդը», ինչպես ասում են, ևս կարևոր օղակ է, և որոշեցինք ավելի կենտրոնանալ մշակութային նախագծերի վրա: Կազմակերպեցինք և անցկացրեցինք Սևան երաժշտական փառատոնը, որի վրա, ի դեպ, մեկ լումա անգամ չենք ծախսել: Թե աշխատակազմի, թե երաժիշտների կողմից, սա բարի կամքի դրսևորում էր: Հավատացեք, կան Հայաստանում մարդիկ, որոնք պատրաստ են աշխատանք կատարել հանուն գաղափարի իրականացման: Այս տարի երրորդ անգամ կանցկացվի փառատոնը: Նախատեսված է օգոստոսի 12-ին: Հուսանք, որ որոշակի բյուջե կկարողանանք ունենալ և վճարել գոնե երաժիշտներին, սակայն հավատացնում եմ, որ այս փառատոնին իրենց մասնակցությունն են բերում նրանք, ում համար գաղափարը առաջնային է»,-ասում է Գոհարը։ Որպես արվեստի մարդ, Գոհարը երբևէ չի մտածել, որ մշակույթն ու բիզնեսը կարելի է դիտարկել որպես մեկ ամբողջություն: Նրա համար սրանք տարբեր բևեռներ են եղել: «Մշակույթ և Ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարներն այս առումով շատ օգտակար եղան»,- խոստովանում է Գոհարը։ Այն հնարավորություն է տվել դիտարկել մշակույթը այլ տեսանկյունից, որը ևս, ինչու ոչ,կարող է և պետք է, լավ իմաստով, «վաճառվող» լինի: Եվ որ նպատակային ծրագրերի իրականացման համար կարևոր է մշակութային նախագիծը կարողանալ տեսնել որպես բիզնես նախագիծ, կարողանալ գեղեցիկ «փաթեթավորել» ու «վաճառել»: Հենց այս դիտարկումներից էլ ծագեց հիմնական մի բան ստեղծելու գաղափարը, որը և դարձավ արվեստանոց-թեյարան: Սա և մշակութային միջավայր կլինի՝ ցուցահանդես, համերգ կկազմակերպվի, և հնարավորություն եկամուտ ունենալ այլ նախագծերի իրականացման համար ներդնելու: ggg Իրականացմանը կօգնի դրամաշնորհը, որ ստացավ կազմակերպությունը։ Սակայն Գոհարի համոզմունքն է, որ միայն դրամաշնորհային քաղաքականություն որդեգրելով փորձել պահել կազմակերպությունը, ճիշտ չէ: «Իրականում, կամ պետք է որոշակի կոմպրոմիսի գնաս, հարմարվես տվյալ դրամաշնորհի կողմից թելադրվող պայմաններին և որոշակի սահմանների մեջ գործես, կամ պետք է երկար փնտրես հենց այն դրամաշնորհը, որը քո արժեհամակարգին համապատասխան, նպատակների իրականացմանը մոտ կլինի: Ամեն դեպքում հույսը միայն դրամաշնորհների վրա չի կարելի դնել: Պետք է համագործակցության եզրեր փնտրել, օրինակ, տեղի բիզնես սեկտորի հետ, որի համար միջոցառման ժամանակ մասսայական գովազդը շահավետ է»,-ասում է նա: Բիզնեսը՝ բիզնես, սակայն, առաջին հերթին արվեստի մարդ լինելով, նաև կրեատիվ մտածողություն ունեցող Գոհար Մնացականյանը որոշեց նաև մի նախադեպը չունեցող հուշանվերների թանգարան բացել: «Միտքը պատահական ծագեց։ Ես տնային գործեր կատարել, անկեղծ ասած, առանձնապես չեմ սիրում: Երբ տանը հուշանվերների փոշին էի սրբում, ու ինքս ինձ նյարդայնանում, մտածեցի, ինչ ափսոս, որ ժամանակին սիրով նվիրված շատ իրեր պահվում են զուտ նրա համար,  որ անգամ ցանկության դեպքում դեն նետել չես կարող: Մնում ու փոշու բուն են դառնում: Հետո հասկացա, որ նրանք ավելի պիտանի ու «խոսուն» կարող են լինել, եթե ճիշտ տեղադրվեն, ցուցադրվեն ու պատմեն իրենց ժամանակների մասին, թե մարդիկ իրար ինչ էին նվիրում խորհրդային ու հետխորհրդային տարիներին: Թե ինչ գեղեցիկ էքսպոզիցիա կլինի, իր հետաքրքիր պատմություններով: Գաղափարը անսպասելի արձագանք գտավ: Շատ մարդիկ ոգևորված գրում են, որ իրենք էլ մեծ սիրով պատրաստ են թանգարանին նմուշներ նվիրել, ինչի համար շատ ուրախ և շնորհակալ եմ»: Գոհարի խոսքով, Հուշանվերների թանգարանը սկզբում կտեղակայվի արվեստանոց-թեյարանի տարածքում, իսկ հետագայում, երբ հավաքածուն մեծանա, գուցե և առանձին տարածք կունենա: Իսկ առայժմ պետք է ավարտին հասցնել արվեստանոց-թեյարանի շինարարությունը, որը, Գոհարը վստահ է, կհետաքրքրի նաև զբոսաշրջիկներին: