Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի այցը ներքին իրավիճակը կայունացնելու ազդու քայլ էր»

Քաղաքականություն
ruben-mehrabyan

Կառավարությունում այսօր Սերժ Սարգսյանի ելույթը նշանակում է, որ մինչեւ 2018թ. ապրիլ, երբ կավարտվեն նրա պաշտոնավարման ժամկետները, Կառավարությունում որեւէ ցանկություն չկա ֆորս մաժորների: Այս մասին «Ա1+»-ին հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօրվա այցին կառավարություն. «Սա ներքին իրավիճակը կայունացնելու բավականին ազդու քայլ է: Հաջորդ վերադասավորությունը կարելի է սպասել ապրիլին, եթե ամեն ինչ ընթանա գծային գրաֆիկով: Եթե ֆորս մաժորներ եղան, ապա այլ բան պետք է մտածել»: Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանը Կառավարությունում էր եւ իր հայտարարության մեջ նա մասնավորապես ասել էր. «Ներկայիս կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է մեր և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը»: Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ ներկայիս կառավարությունն ի սկզբանե դատապարտված է, քանի որ հատկապես ներդրումների վերաբերյալ իր խոստումները չի կատարել: Միաժամանակ, ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանի այս խոսքերն ուղղված էին նաեւ այն հայտարարություններին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը միայնակ է ՀՀԿ-ում, չունի սատարում. «Հանդիպակաց հարց եմ ուզում տալ Սերժ Սարգսյանին՝ 2018թ. ապրիլից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին ՀՀ-ից ամենաբարձր մակարդակով ո՞վ է հանդես է գալու ու որպես ի՞նչ է հանդես գալու՝ ի՞նչ կարգավիճակով ու հանձինս ո՞ւմ: Կարծում եմ՝ հենց այս հարցի պատասխանն էլ կտա բոլոր հարցերի պատասխանը»: